Ըստ մամուլի հրապարակումների՝ ապրիլի 1-ից գազի սակագինը հայ սպառողի համար կնվազի մոտ 10 դրամով՝ կկազմի 146 դրամ 1խ/մ-ի դիմաց:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ երկու հանգամանք կա՝ գազի գինն իջնում է, որովհետև ամբողջ աշխարհում է գազի սակագինը նվազում, դա Հայաստանի համար հատուկ արտոնություն չէ, երկրորդ՝ սահմանի վրա գազի գինն իջնում է. դա ինչպես է ազդելու երկու տեսակի սպառողների՝ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների վրա:
Միքայել Մելքումյանն առաջարկում է դիվերսիֆիկացնել և սպառողների երեք-չորս խումբ ստեղծել, որի արդյունքում ՓՄՁ-ներն ավելի բարվոք վիճակում կհայտնվեն:
Մ. Մելքումյանի գնահատմամբ՝ առաջիկայում ծախսերը մնալու են նույնը, քանի որ «Գազպրոմ Արմենիան» խոշորածավալ ծրագրեր չի իրականացնում, ծախսերը հիմնականում բնական կորուստների իջեցման նպատակով են լինելու:
«Մենք բոլոր տեսակի սպառողների համար գազի գներն իջեցնելու լուրջ ռեզերվ ունենք, եթե մենք գազի համար ռուսական ռուբլով վճարումների անցնեինք, գազի սակագինը ավելի կնվազեր,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Մ. Մելքումյանը:
Անդրադառնալով նավթամթերքի ներկրման համար Հայաստանի մաքսատուրք վճարելու խնդրին՝ Մ. Մելքումյանը նշեց. «Եթե միևնույն տնտեսական տարածքում ենք, բնականաբար, մեզ համար չպետք է լիներ արտահանման կամ ներկրման մաքսատուրք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































