«Զիջման մասին խոսք լինել չի կարող, մենք փորձում ենք ընդհանուր տեսակետներ ձևավորել: Չկա մի բանաձեւ՝ սա ընդունեցինք, սա՝ ոչ: Այս մասին «4+4+4» ձևաչափով Ընտրական օրենսգրքի այսօրվա քննարկումից ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի-ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Մենք տեսախցիկների տեղադրման հետ կապված պայմանավորվածություն չունենք, ունենք տարբեր մոտեցում: Մենք համարում ենք, որ եթե գտնվեց ինչ-որ դոնոր, որը պատրաստ է ֆինանսավորել նմանատիպ ծրագիր, մենք սկզբունքային խնդիր չունենք՝ պայմանավորվելով, որ խոսքը չի գնում օնլայն հեռարձակման մասին, այլ՝ տեսանկարահանման: Երբևէ պետությունը չի ստանձնելու այդ պատասխանատվությունը, մենք պատրաստ ենք դոնորի տարբերակին համաձայնություն տալ՝ պայմանով, որ ընտրություններից հետո ցանկացած կողմի, կուսակցության պահանջով տրամադրեն պատճենը: Մենք փորձել ենք մերձեցման գնալ: Իսկ մատների թանաքոտումը մենք համարում ենք անընդունելի: Ավելի շատ դա կարող է մթագնել իրավիճակը, քան օգուտ տալ»,-նշեց Հարությունյանը:








































