Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վաշինգտոնում բացվում է Միջուկային արդյունաբերության միջազգային գագաթնաժողովը (Nuclear Industry Summit-2016)՝ ոլորտի խոշորագույն կազմակերպությունների ու ղեկավարների մասնակցությամբ։
Մարտի 30-ին ու ապրիլի 1-ին անցկացվող ֆորումի գլխավոր թեմաներն են լինելու միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ օգտագործման, պահպանման ու փոխադրման խնդիրները, կիբերսպառնալիքներին հակազդելը և ընդհանրապես ժամանակակից աշխարհում ատոմային արդյունաբերության դերը։
Ակնկալվում է, որ Nuclear Industry Summit-2016-ին մասնակցելու համար ԱՄՆ մայրաքաղաք կժամանեն մոտ 350 ընկերությունների ղեկավարներ, փորձագետներ ու ատոմային արդյունաբերության ներկայացուցիչներ։
Նրանց թվում կլինեն նաև ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն, որը, ինչպես ակնկալվում է, ելույթ կունենա գագաթնաժողովի առաջին օրը։ Ֆորումը կավարտվի ատոմային արդյունաբերության նվաճումների ցուցադրմամբ։









































