Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Վաշինգտոնում՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ, բայց լուրջ ակնկալիքներ չարժի ունենալ այդ հանդիպումից։ Հանդիպումը, կարելի է ասել, լինելու է միջանցքում պատահական հանդիպումների շարքից։
Այսպիսի կանխատեսում է անում քաղաքական վերլուծաբան, Պրահայի «Էխո Կավկազա» լրատվական ծառայության փորձագետ Վադիմ Դուբնովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սպիտակ տան ղեկավարի հրավերով մասնակցելու են մարտի 31-ին Վաշինգտոնում մեկնարկող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, և ըստ որոշ տեղեկությունների՝ կարող են հանդիպել Բարաք Օբամայի միջնորդությամբ՝ քննարկելու Ղարաբաղյան հիմնախնդիրը։
Վադիմ Դուբնովը միանգամայն հնարավոր է համարում դա։ Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները, ինչպիսին Միջուկային անվտանգության գագաթնաժողովն է, կազմակերպվում են ոչ այնքան միջուկային անվտանգության հարցերը քննարկելու, որքան միջանցքում կուլիսային հանդիպումներ կազմակերպելու համար:
«Կարծում եմ, որ նախագահները կհանդիպեն միջանցքում, գուցե նաև ցույց տան լուսանկարիչներին, թե ինչպես են միմյանց ձեռք սեղմում, բայց ոչ ավելին: Դա կլինի միջանցքում կամ ճաշարանում պատահական հանդիպումների շարքից: Լավագույն դեպքում կլինի արարողակարգային ձեռքսեղմում: Առանձնակի քննարկում չի լինի, քանի որ այդ ձևաչափը չի ենթադրում խորքային բանակցություններ: Հետո ես չեմ կարծում, թե կողմերն այսօր պատրաստ են ինչ-որ լուրջ քննարկման»,- նշեց մեր զրուցակիցը։
Դուբնովը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ռուսաստանը Ադրբեջանի «փոխանցումով» փորձում է խափանել կամ խանգարել ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը՝ կազմակերպելու Սարգսյան-Ալիև հանդիպումը և չի կարծում, թե այդ հարցը լրջորեն քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ։
Ղարաբաղյան հարցը երևի թե եզակի հիմնախնդիրներից է,- ասում է Դուբնովը,- որտեղ Արևմուտքն ու Ռուսաստանը չունեն հակասություններ և առճակատում. «Խնդիրն այն է, որ Մինսկի խումբն ինչ-որ ազգային-քաղաքական երևույթ չէ: Դա մի սուբստանցիա է, որտեղ չկա Արևելք և Արևմուտք, չկա Ամերիկա, Ֆրանսիա կամ Ռուսատան: Ուստի, սա բավական հարմար ձևաչափ է բոլոր կողմերի համար: Ալիևը կարող է վիճել Մինսկի խմբի հետ, բայց այս համատեքստում ձևաչափի խորամանկ բնույթը թույլ է տալիս նրան ուղղակի բանավեճի մեջ չմտնել կոնկրետ Մոսկվայի կամ կոնկրետ Վաշինգտոնի և Փարիզի հետ»:









































