Հայաստանի կառավարությունն ազդարարել է, որ ՌԴ-ն նվազեցնելու է գազի գինը Հայաստանի համար, բայց թե որքան՝ ոչ ոք չգիտի: Դա որոշելու է Ռուսաստանը: Շատ կլինի նվազեցումը, թե քիչ՝ կախված է ՌԴ բարեհաճությունից, իսկ ավելի շուտ, իհարկե, Հայաստանի հնազանդությունից:
Գազի գնի նվազեցումը Հայաստանի կառավարության համար տնտեսության փրկօղակ է: Հայաստանի տնտեսության բավական ծանր վիճակի դեղամիջոց Հայաստանի կառավարությունը չունի, այլ դեղամիջոց չունի: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը շատ ավելի խորն է:
Այն, որ ներկայիս կառավարությունը հայտնվել է բացարձակ անկենսունակության և անարդյունավետության փաստի առաջ՝ ակնհայտ է, դա այլևս քննարկման ու բանավեճի առարկա էլ չէ: Սակայն գազի խնդիրը Հայաստանում ունի բավականին խորքային արմատներ, և սրա պատասխանատվությունը Հայաստանի նախորդ գրեթե բոլոր կառավարությունների առաջ է: Մի բան փաստ է, որ Հայաստանը իր անկախության քառորդ դարի ընթացքոււմ այդպես էլ չի լուծել ռուսական գազից տնտեսական միակողմանի կախվածության հարցը:
Սակայն այստեղ հարցն ունի երկու ասպեկտ՝ քաղաքական և տնտեսական: Քաղաքական մասով շատ է խոսվել, և թերևս կրկնելու այլ առիթներ էլ կլինեն: Հայաստանը չի կարողանում լիարժեք ինքնուրույն գործել իրանական գազի ուղղությամբ և ստեղծել աղբյուրների այլընտրանք: Անցկացվել է Իրան-Հայաստան գազամուղ, որը ոչ թե Հայաստանի տնտեսական այլընտրանքն է մեծացրել, էներգետիկ անկախությունն է մեծացրել, այլ ավելի ու ավելի ընդգծել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Տնտեսական առումով Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես մեծ գերկախվածություն ունի գազից, ու այստեղ խնդիրները իսկապես հիմնարար են ու խորքային:
Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման քաղաքականությունը պետք է լինի անվտանգության միջոցառումներին հավասարազոր մի բան, որպեսզի թե՛ տնտեսությունը, թե՛ բնակչությունը հնարավորինս ձերբազատվեն գազից կախվածությունից: Սակայն Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև խնայողության պետական քաղաքականություն գոյություն չունի: Ավելին՝ ոչ միայն գոյություն չունի, այլև Հայաստանի կառավարության մակարդակով փորձ է արվում Ռուսաստանին «գայթակղել» գազի ավելի շատ սպառումով՝ հորդորելով, որ եթե Մոսկվան գազի գինը նվազեցնի, ապա Հայաստանում այն ավելի շատ կսպառեն:
Մինչդեռ Հայաստանում վաղուց հրատապ է, իսկ արդեն թերևս՝ ուշացած խնայողությանն ու էներգիայի այլընտրանքային աղբյուրներին միտված քաղաքականությունը, որտեղ Ռուսաստանը գինը կէժանացնի ոչ թե ավելի շատ վաճառելու պայմանով, այլ գինը կէժանացնի՝ տեսնելով, որ Հայաստանի տնտեսությունը գնում է իր գազից ձերբազատվելու ճանապարհով և թեկուզ տարիներ հետո, բայց կհասնի բավական շոշափելի մի տեղ:
Օրինակ՝ ինչպե՞ս կփոխվի պատկերը Հայաստանում, եթե կառավարությունը որոշակի արտոնություններ սահմանի բոլոր այն ձեռնարկատերերի համար, որոնք կգտնեն հնարավորինս շատ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, կանցնեն էներգետիկ նոր լուծումների, այդ թվում նաև՝ դրա համար փնտրելով արտերկրից գործընկեր-աջակիցներ: Հայաստանի կառավարությունը պետք է խրախուսի մասնավոր սեկտորում այս իրողությունը, ինչը Հայաստանի համար կունենա բազմակողմանի էֆեկտ:
Սակայն այդօրինակ լուծումների մասին կարող է մտածել այն կառավարությունը, որը նախ և առաջ գնահատում է պետական անկախությունը որպես բացարձակ արժեք, և երկրորդ՝ սեփական իշխանության ձևավորման աղբյուր է տեսնում սեփական պետության քաղաքացիներին, ոչ թե այլ պետության էներգետիկ կորպորացիաների հետ զանազան ստվերային մեխանիզմները, որպիսիք բացահայտվեցին, օրինակ, էլցանցերի դեպքում «Էլեկտրիկ Երևանի» օրերին, երբ դրանք ռուսական սեփականություն էին, ու հանրության համար բազմաթիվ տեղեկություններ հասու դարձան, թե կոռուպցիոն ինչ ռիսկեր ու սխեմաներ են գործել այդ ընթացքում:









































