Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը մարտի 27-ին Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, Բաթումում նշվել է հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ:
Հավատացյալներով լեփ-լեցուն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվել է ժամերգություն, այնուհետև մատուցվել է պատարագ:
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հաղորդմամբ՝ Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում պատարագ է մատուցել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հորը ողջունելու և Սուրբ Պատարագին մասնակցելու համար Բաթումի հայոց եկեղեցի էին եկել Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն, Բաթումի քաղաքապետ Գեորգի Երմակովը, Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գեորգի Թավամաիշվիլին, Բաթումում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Ահմադ Ռեզա Արզզհանին, Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:








































