Ռումինիային պարտավորեցրել են Եվրամիության բյուջե վերադարձնել շուրջ 700 միլիոն եվրո՝ Եվրահանձնաժողովից ստացված ֆինանսական միջոցները բաշխելու ժամանակ թույլ տված սխալի համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է եվրոպական հիմնադրամների հարցերով Ռումինիայի նախարար Եուջեն Թեոդորովիչը:
Նրա խոսքերով՝ ամենաշատ խախտումներ հայտնաբերվել են հանրային գնումների համար ֆինանսական միջոցները բաշխելիս:
Նախարարը նշել է, որ «տուգանային պատժամիջոցներ սահմանվել են Ռումինիայում ԵՄ գործառնական բոլոր ծրագրերի վրա»:
Նախորդ տարի Խախտումների դեմ պայքարի եվրոպական բյուրոյի հրապարակած տվյալների հաաձայն՝ Ռումինիան ԵՄ-ում զբաղեցնում է առաջին հորիզոնականներից մեկը Բրյուսելի կողմից հատկացվող միջոցների յուրացման հարցում: 2012 թ. այս ոլորտում գրանցվել է 225 խախտում, որից հետո Եվրահանձնաժողովը Բուխարեստին տեղեկացրել է 10.4 միլիարդ եվրոյի սառեցման մասին, որոնք նախատեսված էին շրջանների և տրանսպորտային կապի զարգացման համար: