Հարվարդի համալսարանի հոգեբանության Ֆակուլտետի գիտնականները նշել են պայման, որի դեպքում մարդու արտաքին գրավչության գնահատականն ուրիշի կողմից կարող է փոխվել: Հետազոտությունը հրապարակվել է Psychological Science ամսագրում:
Ըստ հոգեբանների՝ մարդու ուշադրության կենտրոնացումը մարդու դեմքի որևէ առանձնահատկության վրա (օրինակ՝ աչքերի գույնի կամ քթի ձևի) կարճ ժամանակում կարող է դեմքի սկզբնական գնահատականը փոխել դրականից բացասական կամ հակառակը:
Դեմքի որևէ մասին ուշադրություն հրավիրել կարելի է զարդերի միջոցով: Այդ պատճառտով, ըստ գիտնականների, ականջօղերը, փիրսինգը, նոր սանրվածքն ու դաջվածքները կարող են փոխել մարդկանց տպավորությունը գրավչության մասին և ուշադրություն հրավիրել առանձնահատկությունների վրա, որոնց նախկինում ուշադրություն չի հատկացվել:
Հետազոտության ընթացքում գիտնականները հարցվածներին խնդրել են գնահատել էկրանին մարդու լուսանկարի գրավչության աստիճանը: Պատկերը ուղղահայաց գծով բաժանված է եղել երկու մասի:
Պարզվել է՝ չնայած աջ և ձախ կողմերի համաչափությանը՝ մասնակիցները, ուշադրություն դարձնելով մարդու դեմքի որևէ առանձնահատկության լուսանկարի մասերից մեկում, այն գրավիչ են համարել: Գիտնակնները դա բացատրում են ընկալման փոփոխությամբ՝ կապված կենտրոնացածության հետ:







































