BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները «Ազատ դեմոկրատներ» արևմտամետ կուսակցության քաղաքական գործչի մասնակցությամբ սեքս-սկանդալի գործով մեղադրանք են ներկայացրել երկու տղամարդու հանդեպ։
Մի քանի շաբաթ առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում կուսակցության կին ներկայացուցիչը սեռական հարաբերություններ է ունենում մի տղամարդու հետ, որը նրա ամուսինը չէ։ Ձերբակալվածները հերքում են իրենց մեղավորությունը։
Կուսակցությունում ընդունել են, որ տեսանյութում իսկապես պատկերված է իրենց բարձրաստիճան անդամներից մեկը, սակայն չեն հայտնել նրա անունը։
Երկուշաբթի համացանցում հայտնվել է ևս մեկ տեսանյութ, որում հայտարարվում է, որ իրենց տրամադրության տակ կան իշխող դաշինքի երկու ներկայացուցիչների, ևս մեկ ընդդիմադիրի ու հայտնի լրագրողի մասնակցությամբ տեսանյութեր։ Տեսանյութի հեղինակները սպառնացել են հրապարակել այդ ձայնագրությունները։









































