ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Սա ամրագրված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև կնքված համաձայնագրում:
Համաձայնագրի այս կետը, սակայն, ԵՏՄ-ին անդամագրվելու առաջին իսկ օրվանից չի գործում Հայաստանում: Միության տարածքից ավտոմեքենա ներկրողները 1 տարուց ավելի է վճարում են ԱԱՀ:
Նախորդ ամսին ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշեց, որ ԱԱՀ-ի գանձումը ԵՏՄ տարածքում հակասում է համաձայնագրի դրույթներին:
Հայտարարությանը հետևեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի կողմից կառավարությանը ներկայացված օրենսդրական նախագիծը, որով նախատեսվում է վերացնել ԱԱՀ-ի գանձումը:
Նախագծի համահեղինակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը մեզ հետ զրույցում հակադարձեց այն կարծիքներին, թե, եթե Վալովայան չբարձրաձայներ ԱԱՀ-ի, ԵՏՄ համաձայնագրին հակասող, գանձման մասին, կառավարությունը լուռ շարունակելու էր գանձումները:
Նուշիկյանը նշում է՝ գումարը գանձվել է օրենքում եղած բացթողման հետևանքով, միևնույն ժամանակ նշելով, որ գումարների վերադարձ չի նախատեսվում:
Այս պահին մենք գործ ունենք օրենքի շարքային փոփոխության, այլ ոչ թե արդեն 15 ամիս տևած օրենքի խախտման հետ, նկատում է տնտեսագետ Հայկ Գևորգյանը:
Գևորգյանի դիտարկմամբ՝ կառավարությունը պետք է փոխհատուցի բոլոր այն քաղաքացիների կրած վնասները, որոնք մինչ այս ԵՏՄ տարածքից ավտոմեքենա ներկրելիս վճարել են ԱԱՀ: Տնտեսագետը նկատում է՝ ԵՏՄ-ի մաքսային մուտքերի «ընդհանուր կաթսայից» Հայաստանը, որպես մաքսատուրքի նվազման փոխհատուցում ստացել էր 53.4 միլիարդ դրամ:









































