ԱՄՆ զինծառայողները ցանկանում են երկրի գլխավոր հրամանատար տեսնել միլիարդատեր Դոնալդ Թրամփին կամ սենատոր Բեռնի Սանդերսին: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Military Times մասնագիտացած պարբերականը՝ ԱՄՆ Զինված ուժերում կատարված հարցումների հիման վրա:
Պարբերականի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե զինծառայողները թեկնածուներից ում են պատրաստ տալ իրենց ձայնը, եթե նախագահական ընտրությունները կայանան վաղը:
«Հանրապետականների ֆավորիտ Թրամփը դարձել է ԱՄՆ զինծառայողների մեջ ամենաժողովրդականը՝ հավաքելով ձայների 27%-ը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է դեմոկրատ, Վերմոնտ նահանգից սենատոր Սանդերսը՝ 22%-ով»,- ասված է հոդվածում:
Պարբերականը նշել է, որ այդ 2 թեկնածուների ելույթները «արձագանք են գտնում համազգեստով մարդկանց շրջանում»:
Երրորդ տեղում հանրապետական, Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզն է՝ 16.7 տոկոս ձայներով, որին հաջորդում է նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 11.7 տոկոս:









































