Նախօրեին մենք անդրադարձել էինք վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նրա որդուց՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանից «քցված» քաղաքացիներից մեկի խնդրին, որը վերջիններիս պատկանող, Ամիրյան փողոցում գտնվող «Նաթիոնալ» հյուրանոցի տեղում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար ժամանակին 40 հազար դոլար էր վճարել, սակայն այսօր ոչ բնակարան ունի, ոչ ամբողջական գումարն էր հետ ստացել։
Այդ հրապարակումից հետո մեզ հետ էր կապվել այդ շենքի սեփականատեր համարվող հանգուցյալ ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանի կնոջ՝ Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Լիանա Բալյանը և պնդում էր, որ իրենք ոչ մի պարտք ու պահանջ չունեն որևէ քաղաքացու հետ։ «Բոլոր բնակիչները, որոնք, որ խնդիր են ունեցել, դիմել են դատարան, ստացել են իրենց սեփականության վկայականները, կնքվել է հաշտության համաձայնագրեր։ Որևէ բողոք որևէ բնակչի հետ մենք այսօր չունենք»,- ասել էր փաստաբան Բալյանը։ Սակայն նրա այդ արձագանքից հետո մեր խմբագրություն են դիմում նորանոր քաղաքացիներ նույն խնդրով, որ ժամանակին հսկայական գումարներ են վճարել Մելիք Գասպարյանին պատկանող «Մ.Գ Հաուզինգ» ընկերությանը, սակայն Մելիք Գասպարյանի մահից հետո առ այսօր չեն կարողանում հետ ստանալ տվածը։ «Ես ժամանակին Ալեք Մանուկյան- Ֆիզկուլտուրնիկներ փողոցների խաչմերուկում տեղակայված շենքում բնակարան ձեռք բերելու համար 70 հազար դոլար վճարեցի Մելիք Գասպարյանին, սակայն հետո, երբ պարզ դարձավ, որ այդ շենքը չի կառուցվում, նա խոստացավ Ամիրյան փողոցում կառուցվելիք շենքում բնակարան տրամադրել, բայց դրանից հետո, երբ ավտովթարից նա մահացավ, ինձ հաջողվեց 70 հազարից միայն 20 հազար դոլարը հետ ստանալ, որից հետո ես դիմեցի դատարան և դատարանը մեր պարտք ու պահանջները, ծախսերը հաշվարկելով գտավ, որ Մելիք Գասպարյանի ընկերությունը մեզ 100 հազար դոլար է պարտք, որից ես հետ էի ստացել միայն 20 հազարը։ Ստացվում է, որ ես դեռ 80 հազար ունեմ ստանալու, բայց չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ։ Ուր գնում ենք, մեր առաջ փակ դուռ է, մեզ ոչ ոք չի պատասխանում։ Չգիտենք ինչ անենք»,- ասաց գյումրեցի Ռուբեն Հովհաննիսյանը, որը ներկայումս էլ ընդգրկված է սնանկ ճանաչված «Մ.Գ Հաուզինգ» ընկերության պահանջատերերի ցուցակում։
Շենքի հիմնական սեփականատեր համարվող հանգուցյալ պատգամավորի տիկնոջից պահանջներ ունեն նաև մի շաքր այլ քաղաքացիներ ևս, մոտ 27 ընտանիք, որոնք ժամանակին բնակարաններ են ունեցել նորակառույց շենքի տեղում։ Նրանց տեղահանել են իրենց բնակարաններից և խոստացել շենքը կառուցելուն պես առաջնահերթ բնակարանով ապահովել հենց նրանց, սակայն խոստումից անցել է 11 տարի, բայց ոչ ոք այդպես էլ իր բնակարանը չի ստացել։ Շատերը պարզապես վախենալով կադաստրից վերցրել են իրենց սեփականության վկայականները մի տարածքի համար, որտեղ միայն պատերն են կանգուն։ Չկա որևէ կոմունիկացիա՝ ջուր, հոսանք, կոյուղի, դռներ և պատուհաններ։ Անգամ բազմահարկ շենքում չկա տեղադրված վերելակ, մինչդեռ Անահիտ Մնացականյանի փաստաբանը նախօրեին մեզ հավաստիացնում էր, թե վերելակները տեղադրված են և տիկին Մնացականյանը պատրաստվում է շինարարական այլ աշխատանքներ կատարել և ավարտին հասցնել շենքը։ Այսօր մեր այցելության պահին շինարարական որևէ աշխատանք շենքում չէր կատարվում, որևէ բանվոր շենքի տարածքում չկար, իսկ վերելակների հորերը դատարկ էին։
«Ես այն բնակիչներից եմ, որ առ այսօր սեփականության վկայական չի վերցրել և չեմ վերցնելու այնքան ժամանակ, մինչև շենքն ավարտին չհասցվի։ Խոսքը ներքին հարդարման աշխատանքների մասին չի, մենք պատրաստ ենք այդ աշխատանքներն ինքներս անել, բայց երբ անգամ դրսի պատերը կանգուն չեն, ես սեփականության վկայական չեմ վերցնի։ Եվ ոնց երևում է, հույս էլ չկա, որ այս շենքն ավարտին կհասցվի, հիմա շենքը վերածվել է զուգարանի բանվորների համար։ Մարդ չի կարողանում կեղտի դարդից տարածք մտնել»,- մեզ հետ զրույցում ասաց իր բնակարանին սպասող 68-ամյա Վաչիկ Թադևոսյանը։
Ինչ վերաբերում է մնացած քաղաքացիներին, որոնք վերցրել են սեփականության իրենց վկայականները, Վաչիկի խոսքերով՝ դա կատարվել է մեծամասամբ ստիպողաբար և համոզելով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի կողմից։ Քաղաքացիներն էլ կարծելով, որ վկայականը չվերցնելով կկորցնեն նաև այդ տարածքը, ստիպված համաձայնել են։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս կիսակառույցի վերաբերյալ 2014 թվականին կառավարությունը եզրակացություն է տվել, որ շենքը հանձնված է շահագործման։
Բնակիչների խոսքերով՝ շենքի սեփականատերերը մի նպատակ ունեն. այնքան ժամանակ ձգել, մինչև բնակարանի իրենց հերթին սպասող բոլոր բնակիչները կմահանան կամ կհեռանան Հայաստանից և իրենք այլևս որևէ պարտավորություն որևէ քաղաքացու նկատմամբ չեն ունենա։ «Ասեմ, որ այդ պլանն իրենց հաջողվում է, մեզանից հիմա շատ քիչ մարդ է մնացել, մի մասը մահացել է, մյուս մասը հեռացել է երկրից»,- եզրափակեց Վաչիկ Թադևոսյանը։







































