«Ցանկացած նման կարգի բարձր հանդիպումներում, որոնցում քննության առարկա է դառնում ԼՂ հիմնախնդիրը, Ադրբեջանը միշտ փորձում է ստեղծել նման պրովոկացիոն իրավիճակ՝ աշխարհին և տվյալ պարագայում բանակցող կողմերին ցույց տալու համար, որ ԼՂՀ-ի հետ կապված ցանկացած խնդիր ունի միայն մեկ լուծում, այն է՝ ադրբեջանանպաստ լուծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպումից ընդամենը ժամեր անց Ադրբեջանի աննախադեպ դիվերսիոն հարձակմանը:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ուղղակի այս անգամ օգտագործվեց ծանր հրետանի և հասցվեց բավականին խորքային հարված, ինչի արդյունքում հայկական կողմը վնաս չի կրել՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի. «Հայկական կողմը միշտ տալիս է համարժեք պատասխան»:
Ինչ վերաբերում է հարցի դիվանագիտական արձագանքին, Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Հայաստանն իր դիրքորոշման մեջ շատ հստակ է: ԼՂՀ արտահայտությունը արդեն նաև ՀՀ նախագահի ցանկացած ելույթի տեքստում հստակ մատնանշվում է: Հայաստանը որևէ կերպ չի գնում այն զիջումներին, որի կարիքն այսօր ունի Ադրբեջանը: Այս պատճառով է, որ Ադրբեջանը ավելի ծանրացնում է տեխնիկան և ավելի խորքային հարվածներ հասցնում»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ այս ամենը, սակայն, Ադրբեջանին որևէ արդյունք չի տալու:
Գառնիկ Իսագուլյանը խոսելով ՀԱՊԿ-ի արձագանքի մասին՝ ասաց, որ թեև հայկական կողմը լիովին ունակ է համարժեք պատասխան տալու Ադրբեջանին, սակայն մեզ համար «շատ կարևոր է, որ իսկապես այդ մակարդակով որևէ արձագանք լինի այն երևույթներին, որոնք ուղղված են ուղղակի Հայաստանի դեմ: Այսինքն՝ Հայաստանը օժանդակության կարիք չունի, բայց արձագանքելու կարիքը կա: Իսկ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը բացառապես Հայաստանի զինված ուժերն են: Մի կասկածեք, որ անհրաժեշտության դեպքում կլինեն համարժեք օգնություններ»:










































