Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը ներկայացվել է ԱԺ՝ քննարկման և հաստատման: Ընդդիմադիր քաղաքական ուժերի և մի շարք մասնագետների ու փորձագետների կողմից արձանագրվում են մտահոգիչ դրույթներ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը ներկայացրեց նոր իրավակարգավորմամբ առաջացող խնդիրները՝ նշելով որ մի շարք առումներով հետընթաց է արձանագրվում:
«Յուրաքանչյուր ընտրողի տրվելու է յոթ գույնի քվեաթերթիկ և երկու ծրար. մեկ ծրարը նախատեսված է լինելու այն գունավոր քվեաթերթիկի համար, որը ընտրողն ընտրելու է, իսկ մյուս ծրարը նախատեսված է լինելու չքվեարկած քվեաթերթիկների համար: Ընտրողն ընտրելու է մեկ կուսակցության և զրկված է լինելու տարածքային ընտրացուցակով առաջադրված իր հայեցողությամբ թեկնածուին ընտրելու հնարավորությունից: Ստացվում է, որ ձեր տարածքային ընտրացուցակի ընտրությունը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե դուք որ կուսակցությանը կընտրեք: Այսինքն՝ համամասնականի քողի տակ մեծամասնական ընտրակարգը այնպիսի կատարելագործում է ստացել, որը սահմանափակում է ընտրողի ընտրելու հնարավորությունը:
Գործող ԸՕ-ով ԿԸՀ-ն բաղկացած է 7 անդամից, որոնց նշանակում է ՀՀ նախագահը, բայց անդամներից երեքին առաջադրում է ՄԻՊ-ը, որը բոլորովին անկախ ինստիտուտ է, երկուսին առաջադրում է դատական իշխանության ղեկավարը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ մյուս երկուսին՝ իշխանության մեջ չմտնող ՀՀ փաստաբանների պալատի նախագահը: Այսինքն՝ եթե մենք ապրեինք իսկապես ժողովրավարության պայմաններում, առաջադրված թեկնածուները հնարավոր է, որ նախագահի սրտով չլինեին: Գործող իրավակարգավորմամբ, որը նաև պայմանավորված է նոր Սահմանադրությամբ, ԿԸՀ ձևավորման բացառիկ իրավասությունը տրվում է քաղաքական ուժերին: Այսինքն՝ ԿԸՀ-ն դառնալու է իշխանության վերարտադրման գործիք. իրենք նշանակելու են ԿԸՀ անդամներ, որոնք վերջնաարդյունքում ապահովելու են նրանց վերարտադրումը: Սա ևս մեկ լծակ է, որը հիմք է ստեղծում, որ ավելի քիչ վստահություն ունենանք ԿԸՀ նկատմամբ:
Բավականին հետընթաց է արձանագրվել դիտորդների, վստահված անձաց և ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության դաշտում: Գործող Ընտրական օրենսգրքով որևէ դիտորդ, որևէ վստահված անձ և որևէ ԶԼՄ ներկայացուցիչ չի կարող հեռացվել ընտրատեղամասից՝ բացառությամբ երկու դեպքի՝ եթե ձերբակալվում կամ կալանավորվում է: Իսկ դա ենթադրում է, որ գոնե առերևույթ նշված անձինք կասկածվում են հանցագործության կատարման մեջ: Իսկ նոր իրավակարգավորմամբ ոչ միայն այդպիսի տրամադրվածություն չկա, այլ անգամ վարչաիրավական խախտման հիմքի մասին խոսք չկա. ընդամենը եթե այդ անձանցից որևէ մեկը աջակցի որևէ կուսակցության, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ և հանձնաժողովի անդամների 2/3 քվեարկությամբ կարող է հեռացվել քվեարկության սենյակից կամ հանձնաժողովի նիստից: Սակայն ո՞վ է սահմանել թե ինչ է աջակցությունը, ինչպե՞ս է որոշվելու, որ դա աջակցություն չէ, այլ ընդամենը օրինախախտման վերաբերյալ ահազանգ է:
Գործող ԸՕ շրջանակում դիտորդական առաքելության իրավունք ունեն բոլոր միջազգային կազմակերպությունները, իսկ առաջարկվող նախագծով դիտորդական առաքելության իրավունք ունեն միայն այն միջազգային կազմակերպություները, որոնց կանոնադրությունում առկա է մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներով զբաղվելու իրավասություն:
Գործող ԸՕ-ով ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական մարմինները իրավունք ունեն իրականացնելու դիտորդական առաքելություն, իսկ առաջարկվող նախագծում այդ մարմիններն ընդհանրապես հանվել են այս ցուցակից:
Եվ ամենաաբսուրդն այն է, որ նոր ԸՕ իրավակարգավորման շրջանակներում ոչ միայն միջազգային կազմակերպությունները, այլ նաև ՀՀ-ում գործող ՀԿ-ները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել միայն այն դեպքում, եթե հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ նախագի կամ ԿԸՀ նախագահի կողմից հրավեր ունենան: Սա ոչ միայն հետընթաց է, այլ նաև լուրջ ահազանգ է. միտում է նկատվում առաջիկա ընտրություններն անցկացնել հնարավորինս սեղմված, սահմանափակված շրջանակներում:
Ես ընդհանրապես կառանձնացնեի ԶԼՄ ներկայացուցիչներին գործունեությունը. ԶԼՄ-ն այն ուժն է, որ անգամ պատերազմական իրավիճակում լրագրողները մտնում են պատերազմական գոտի և լուսաբանում են: ԶԼՄ-ների առաքելությունը որևէ կերպ չպետք է պայմանավորված լինի ընտրական պրոցեսի կազմակերպման հետ: Իմ պատկերացմամբ՝ ցանկացած լրագրող երբ ուզենա, պետք է մտնի և հնարավորություն ունենա լուսաբանել, թե ինչ է կատարվում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































