Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացմանը գնացած լինել վերջինիս կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար, որի կինը ժամանակին խորապես վիրավորել է Էրդողան ամուսիններին։
Նման կարծիք է հայտնել բրիտանացի պատմաբան Նորման Սթոունը, որի խոսքերով՝ տվյալ միջադեպը գրանցվել է դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի ու Սիրիայի միջև գոյություն ունեին բարիդրացիական հարաբերություններ:
«Մի անգամ Ռեջեփ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինեն, որոշում են հանգիստն անցկացնել Ասադների՝ Բաշար Ասադի ու նրա կնոջ Ասմայի ընկերակցությամբ։ Ասում են, որ դրանից հետո Ասմա Ասադը էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել ամուսնուն, որում նրան խնդրել է այլևս իրեն չխնդրել վերստին հանդիպել Էրդողանների հետ։
Պատմում են, որ Ասմա Ասադը դժգոհել է, թե Էրդողանները չունեն կրթություն ու ճաշակ, ամուսինն ավազակ է, նա ողջ կյանքում միայն մեկ գիրք կարդացած ավազակ է, իսկ կինը տարված է շոփինգով, սակայն դրա հետ մեկտեղ հնաոճ է և անճաշակ հագնված»,- ասել է Նորման Սթոունը։
Ընդգծվում է, որ տվյալ նամակը գրավել է Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրությունը։ Սթոունի խոսքերով՝ հենց այդ ժամանակ էլ Էրդողանը սկսել է անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերել Բաշար Ասադի հանդեպ՝ ամեն կերպ ձգտելով հասնել նրա տապալմանը։









































