ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը կրթական համակարգում ավագ դպրոցների հետ կապված խնդիր է տեսնում: Այս մասին նախարարը տեղեկացրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով 9-ամյա կրթությունը, ձեռք բերի մասնագիտություն: Առաջին հիմնահարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ավագ դպրոցի խնդիրն է: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այն դառնա գերազանցության կենտրոն, օգնի երեխային մտնել կյանք»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
Նորանշանակ նախարարը փաստում է` ավագ դպրոցներն ավարտելիս աշակերտները 6 քննություն են հանձնում:
«Ինչո՞ւ, եթե հոսքային դասարաններ կան, ինչո՞ւ չենք բեռնաթափում, չենք թողնում, որ ուշադրություն դարձնեն մասնագիտական կարողություններին: Պետք է կարողանանք որակը մեխանիկական շարունակությունից տարանջատել: Դպրոցներ կան, որոնք այնքան աշակերտ չունեն, որ կարողանանք հոսքային դասարաններ ապահովել »,-շեշտեց նա: Լևոն Մկրտչյանը նշեց` խնդիրները պետք է արմատական լուծումներ ստանան: Նրա համոզմամբ` երեխաներն, ավագ դպրոց գնալով, որպես աշակերտ որաշակի բավարարվածություն չեն ստանում:
Մյուս կողմից` նախարարը փաստում է, որ մարզային դպրոցներում ավագ դպրոցները ավելի կայացած են, քանի որ մարզային դպրոցներում այլընտրանք, կրկնուսույցական համակարգ չկա:









































