Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Հարավային Կորեայում ԱՄՆ կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը կարող է դառնալ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առաջացման պատճառ։ Այդ մասին նա հայտարարել է ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԱՄՆ կողմից այդ համակարգի տեղակայումը դուրս է գալիս թերակղզու պաշտպանության իրական անհրաժեշտության սահմաններից»,- հայտարարել է Վան Ին։
Նրա խոսքով՝ այդ գործողությունների պատճառով կարող է խախտվել տարածաշրջանում ռազմավարական հաշվեկշիռը, և սկսվել սպառազինությունների նոր մրցավազք։
Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը չպետք է որպես պատրվակ օգտագործվի տարածաշրջանում ԱՄՆ ՀՀՊ ստեղծման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի այցը Ռուսաստան, որը տեղի կունենա ապրիլի վերջին։









































