ՌԴ «Գազպրոմ-մեդիա» մեդիահոլդինգի նախկին ղեկավար Միխայիլ Լեսինը մահացել է գլխի բութ վնասվածքներից։ Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ում դատաբժշկական փորձագետները՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վաշինգտոնի դատաբժշկական փորձագետի գրասենյակի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Լաշոն Բիմոնին։
Նրա խոսքով՝ նույնպիսի վնասվածքներ են հայտնաբերվել նաև պարանոցին, վերին ու ստորին վերջույթներին։
Դատաբժշկական փորձագետների և ոստիկանության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Լեսինի մահվան բնույթը պարզված չէ։ Նրա մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։
Լեսինը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 5-ին։ Նրան մահացած էին գտել Վաշինգտոնի Dupont Circle լյուքս հյուրանոցի համարում։ Մահվան նախնական պատճառ է համարվել կաթվածը։
Նա ղեկավարել է «Գազպրոմ-մեդիան» 2013 թվականի աշնանից մինչև 2014 թվականի դեկտեմբեր և լքել պաշտոնը «ընտանեկան հանգամանքների» պատճառաբանությամբ։ 2005 թվականին Լեսինի նախաձեռնությամբ, ով այդ ժամանակ եղել է Ռուսաստանի նախագահի խորհրդականը, ստեղծվել է Russia Today հեռուստաալիքը։ 1999-2004թթ. նա ղեկավարել է մամուլի, հեռուստառադիոհեռարձաման և զանգվածային հաղորդակցական միջոցների հարցերով նախարարությունը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պաշտոնական պարզաբանում է պահանջում՝ Լեսինի մահվան պատճառների հետաքննության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ եթե Լեսինի մահվան բռնի բնույթի մասին ԶԼՄ-ների տեղեկությունները հաստատվեն, Մոսկվան Վաշինգտոն կուղարկի միջազգային իրավական օգնության մասին հայց։









































