Հայաստանում Սերժ Սարգսյանի մոսկովյան որևէ այց առաջացնում է բավական լարված սպասում՝ նկատի ունենալով սեպտեմբերի 3-ի նախադեպը: Այն ցույց տվեց, որ Մոսկվայում ամեն պահի կարող է հնչել ընթացիկ իրավիճակին տրամագծորեն հակառակ որևէ էական հայտարարություն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ գործակալությանն ասել է, որ մարտի 10-ին Մոսկվայում տեղի ունենալիք Պուտին-Սարգսյան հանդիպմանը քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սակայն, իհարկե, քննարկումներ կլինեն առավել թեժ հարցերի շուրջ, հայտարարել է Պեսկովը:
Այս հայտարարությունը հուշում է, որ Ռուսաստանի համար այս պահին Ղարաբաղյան խնդիրը կարծեք թե առավել կարևոր հարցերի թվում չէ, ինչը իհարկե նաև բնական է: Մոսկվայի համար այսօր առավել կարևոր է ռուս-թուրքական հարաբերությունների խնդիրը, քան ԼՂՀ կարգավորումը:
Այս առումով Պեսկովի հայտարարությունը վկայում է, որ Սարգսյանի հետ Պուտինի հանդիպմանը առանցքային ուշադրություն կդարձվի ռուս-թուրքական, քան Լեռնային Ղարաբաղի խնդրին, կամ ԼՂՀ խնդիրն այդ հանդիպմանը կքննարկվի ռուս-թուրքական հակադրության վերաբերյալ քննարկումների կոնտեքստում, որպես ածանցյալ:
Եթե Ռուսաստանի ուշադրությունը Ղարաբաղյան խնդրից տեղափոխվեր որևէ այլ խնդրի վրա, ապա սա կարելի էր միայն ողջունել, սակայն երբ տեղափոխվում է ռուս-թուրքական հակադրության վրա, ապա այստեղ իհարկե առաջանում են մտահոգիչ տարրեր:
Ռուս-թուրքական հակադրությունն ինքնին Հայաստանի շահերից է բխում այնքան ժամանակ կամ գուցե այն ժամանակ, երբ Հայաստանի համար չկա ներգրավման վտանգ, կամ Հայաստանն ունի բավարար կամք և ինքնիշխանություն նմանօրինակ առաջարկները մերժելու համար: Սակայն այսօր Հայաստանը գտնվում է մի վիճակում, երբ նման կամքի կամ ինքնիշխանության առկայությունը, մեղմ ասած, մեծ հարցականի տակ է: Իսկ այստեղ արդեն առաջանում են լուրջ վտանգներ, որ Մոսկվան Հայաստանի առաջ կարող է դնել ռուս-թուրքական հակադրությանը որևէ կերպ միջամտելու պահանջներ: Ըստ որում, ամենևին պարտադիր չէ, որ դրանք լինեն ռազմական միջամտության վերաբերյալ:
Հայաստանի համար անցանկալի է այդ հակադրությանը որևէ կերպ միջամտելը, լինի դա ռազմական թե քաղաքական առումով: Հայ-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին չկան, և բնականաբար չկա նաև մի կողմից միջամտելու դեպքում դրանք վտանգելու սպառնալիք, սակայն Հայաստանին հատկապես ներկայիս բարդ փուլում բոլորովին պետք չէ նաև լարել հայ-թուրքական հարաբերությունը, լարվածություն առաջացնել Թուրքիայի հետ: Հայաստանին դա պետք չէ որևէ առումով՝ թե՛ ներկայի, թե՛ ապագայի: Սակայն այստեղ կա նաև երկակի վտանգ՝ Ռուսաստանը Հայաստանից կարող է պահանջել որոշակի քայլեր ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի ուղղությամբ:
Այստեղ, իհարկե, իրավիճակն այլ է, սակայն ընդհանուր առմամբ հետևանքները կարող են նույնը լինել և չբխել Հայաստանի շահերից: Բանն այն է, որ հակամարտության կարգավորման գործընթացում գնդակը, այսպես ասած, Ադրբեջանի դաշտում է: Եվ ակնհայտ է, որ Բաքուն ունի այն խաղարկելու բարդություններ, քանի որ Արևմուտքի հետ հարաբերությունները բավական լարված են, և այսօր Բաքուն այս հարցում խնդրարկուի դերում է, միաժամանակ ռուս-թուրքական լարվածությունը երկու քարի արանքն է թողել Ալիևին, իր հերթին էլ բավական հակասական վիճակ է ստեղծվել Իրանի դեպքում՝ երբ Ադրբեջանը մի կողմից չի կարող քայլ չանել այդ ուղղությամբ, մյուս կողմից՝ դրանով իհարկե նպաստելու է Իրանի ուժեղացմանը և ստանալու է Ռուսաստանի ու Թուրքիայի խեթ հայացքը:
Ահա այս իրավիճակում հայկական կողմին երևի թե պետք է ընդամենը մի բան՝ աչալուրջ լինել սահմանին և ցույց տալ Բաքվին, որ այդ սահմանի ուղղությամբ որևէ ելքի մասին մտածելն իզուր է ու անիմաստ: Հայաստանն այլ անելիք չունի, որևէ այլ քայլ ընդամենը կօգնի Բաքվին գտնել գնդակը արդյունավետ խաղարկելու ելքը:







































