Խաղաղությունն ու ազատությունը այսօր առճակատվում են լուրջ մարտահրավերների հետ, ասել է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հինգշաբթի «Դեպի բազմաբևեռ աշխարհ» թեմայով Բաքվի IV գլոբալ ֆորումի բացման ժամանակ, հայտնում է Trend-ը:
«Մենք ապրում ենք բարդ աշխարհում, որտեղ միջազգային համակարգերն ու ինստիտուտները միշտ չէ, որ կարողանում են օգնել հակամարտությունների կարգավորման հարցում: Եվրոպայում մենք հասկանում ենք, թե այսօր ինչ է կատարվում Սիրիայում, Իրանում, Աղֆանստանում, և դա ուղղակիորեն ազդում է մեր կյանքի վրա»,- ասել է նախագահը:
Հինգշաբթի Բաքվում աշխատանքն է սկսել IV գլոբալ ֆորումը «Դեպի բազմաբևեռ աշխարհ» թեմայով: Ֆորումի բացմանը մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան:
Երկօրյա ֆորումի ընթացքում կքննարկվեն միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային սպառնալիքներին, գլոբալ տնտեսական խնդիրների լուրջ հետևանքներին, կլիմայական փոփոխություններին, էներգետիկ քաղաքականությանը, միջազգային ինտեգրացիային և այլ խնդիրների վերաբերող թեմաներ:
Ֆորումին կմասնակցեն և ելույթ կունենան տարբեր երկրների ղեկավարներ, հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ:







































