Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016 թվականին կվերացվի վիզային ռեժիմը երկու երկրների միջև: Այս մասին հաղորդել է «Իմեդի» հեռուստաալիքը:
Մարտի 16-ին Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ պլանավորված հանդիպումից առաջ Աբաշիձեն հայտարարել է, որ ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկելու է արդեն երկու ամիս գործող դյուրացված վիզային ռեժիմի մանրամասները:
«Մենք կքննարկենք՝ ինչպես է գործում այցագրային ռեժիմը, կա՞ն արդյոք խնդիրներ մեր կողմից և մեզ հարկավո՞ր է արդյոք ինչ-որ բան անել այդ ուղղությամբ: Վիզային ռեժիմն իսկապես զգալիորեն պարզեցվել է, և մենք չենք բացառում, որ այս տարի այն ընդհանրապես կհանվի»,-ասել է Աբաշիձեն:
Նրա խոսքով՝ օրակարգում կլինեն նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և մարդասիրական հարցեր։









































