Միլիարդատեր Դոնալդ Թրամփն իրեն համարում է գործոն, որը պայմանավորում է Հանրապետական կուսակցության ժողովրդականության և աջակցության աճը ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ: Այս մասին Թրամփը հայտարարել է Ֆլորիդա նահանգի Ջուփիթեր քաղաքում կողմնակիցների առջև ելույթի ժամանակ՝ հայտնում է TASS-ը:
«Շատ մարդիկ Ամերիկայոմ երբեք չեն քվեարկել հանրապետականների օգտին, իսկ հիմա դա անում են իմ շնորհիվ: Հուսով եմ՝ կուսակցությունը գիտակցում է դա և ընդունում»,- ասել է նա:
Թրամփի կարծիքով՝ հենց հիմա հանրապետականների համար կարևոր է, ինչպես երբեք, համախմբվել և մրցակիցների դեմ միասնական ճակատով պայքարել: «Մեզ վրա հարձակվում են դեմոկրատները, անկախ թեկնածուներ: Մենք պետք է նրանց առանձնահատուկ մի բան հակադրենք»,- նշել է միլիարդատերը:
Նա խոստովանել է, որ իր համար ծայրահեղ ծանր է նախընտրական արշավում՝ հիմնականում իր դեմ մի շարք ազդեցիկ կուսակիցների կողմից սանձազերծված աննախադեպ հալածանքի պատճառով: «Ես դեռ երբեք իմ մասին այսքան սուտ չեմ լսել, ինչքան վերջին շաբաթում: Այդ սարսափելի ստի վրա 348 մլն դոլար է ծախսվել»,- ասել է Թրամփը՝ չնշելով, թե որտեղից է վերցրել այդ թիվը:
Ազդեցիկ հանրապետականները նպատակադրվել են Թրամփին վարկաբեկել և հանել նախագահական պայքարից: Անցած հինգշաբթի ավելի քան 70 հեղինակավոր կուսակիցներ բաց նամակ են հրապարակել՝ զգուշացնելով, որ եթե Թրամփը նախագահ ընտրվի, նրա նախաձեռնությունները կխաթարեն ԱՄՆ ազգային անվտանգությունը:





































