Սոնա Արմենյանը ռեկորդակիր է դարձել որպես աշխարհում ամենատարեց կին, ով բարձրացել է հրաբխային Պիկո դե Օրիզաբա լեռան գագաթը, որն ամենաբարձր կետն է Մեքսիկայում և բարձրությամբ երրորդը՝ Հյուսիսային Ամերիկայում։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Նա տիտղոսը նվաճել է փետրվարի 20-ին՝ 67 տարեկանում։
Սոնան եղել է 5 հոգանոց թիմի անդամ, որը ձևավորվել էր Հայ արշավականների ասոցիացիայից և Հայ արշավային միությունից։ Նրան և ևս երկու մարդու հաջողվել է հասնել գագաթին։
Լեռը գտնվում է ծովի մակերևույթից 5636 մետր բարձրության վրա։ Չնայած գագաթը հիմնականում զերծ է ձյունից, սակայն յուրաքանչյուր քայլը մեծ ջանքեր է պահանջում սառույցի առկայության պատճառով։
«Դա իմ կյանքի ամենադժվարին մագլցումն էր։ Ուրախ եմ, որ հայերի ներգրավվածությունը լեռնագնացության մեջ բարձրանում է»,- ասել է Սոնան, ով 3 տարի առաջ եղել է Հայ արշավականների ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Նա 2006 թվականին բարձրացել է նաև Արարատ լեռը, 2012-ին՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն։







































