Nissan ճապոնական մեքենաշինական ընկերությունը շահել է Նյու Յորքին իր հայտնի դեղին տաքսիները մատակարարելու տենդերը: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կողմից կնքված պայմանագիրը գնահատվում է մեկ միլիարդ դոլար:
Տաքսիների համար որպես հիմնական մակնիշ ընտրվել է Nissan NV200 մոդելը, որն ունի ապակեպատ տանիք, ինչը հնարավոր կդարձնի երթևեկության ընթացքում նյույորքյան երկնաքերերի դիտումը։ Այն կունենա նաև բջջային հեռախոսների լիցքավորման համար նախատեսված սարքեր:
Տենդերին մասնակցել են նաև Ford Motor և թուրքական Karsan Otomotiv ընկերությունները, սակայն Nissan-ը ներկայացրել է ամենաէժան և վառելիքի իմաստով սակավածախս տարբերակը:
Մեկ մեքենայի արժեքը կազմելու է մոտ 29 հազար դոլար: Ընկերությունում խոստացել են մինչև 2017 թ.-ը ստեղծել մեքենաներ, որոնք աշխատելու են բացառապես էլեկտրականությամբ:
Տեղեկացնենք, որ Նյու Յորքում 13 հազար դեղին տաքսիներ ամեն օր տեղափոխում են ավելի քան 600 հազար ուղևոր: Ընդ որում` տաքսին միակ փոխադրամիջոցն է, որին թույլատրվում է ուղևոր նստեցնել անմիջապես փողոցից:









































