ԵՄ անդամ երկրների առաջնորդները չեղարկել են Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ աշխատանքային ընթրիքը։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պրեբեն Աամանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Երկուշաբթի Դավութօղլուն ԵՄ գագաթնաժողով էր բերել գործողությունների համատեղ ծրագրի նոր առաջարկներ, որոնք կոչված են կրճատելու փախստականների հոսքը Թուրքիայից ԵՄ։ Այն նախատեսում է Թուրքիայից Եվրոպա ուղևորված բոլոր անօրինական ներգաղթյալների վերադարձ թուրքական տարածք՝ Թուրքիայում հայտնված սիրիացի փախստականներին ԵՄ-ում օրինական կերպով բնակեցման, Անկարային հավելյալ 3 մլրդ եվրո տրամադրելու, առանց վիզայի ռեժիմի սահմանման և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ակտիվացման դիմաց։
Դավութօղլուի հետ աշխատանքային ճաշից հետո առաջնորդները քննարկել են Թուրքիայի առաջարկները, իսկ երեկոյան ծրագրվել էր թուրք վարչապետի հետ մանրամասները համաձայնեցնել աշխատանքային ընթրիքի շուրջ։ «ԵՄ 28 երկրների հանդիպումը վերսկսվել է՝ համաձայնեցնելու վերանայված (համատեղ) հայտարարությունը։ Ընթրիքը չեղարկվել է»,- հայտնել է Աամանը։










































