Իտալացի օդաչուն Հռոմից Տոկիո թռիչքից առաջ սպառնացել է կործանել ինքնաթիռը, եթե կինը հեռանա իրենից: Այդ սպառնալիքի մասին կինը հայտնել է պատկան մարմիններին, ինչի արդյունքում տղամարդուն հանել են չվերթից, և հաջողվել է ողբերգությունից խուսափել: Այս մասին հայտնում է Il Fatto Quatidiano պարբերականը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարի սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Իտալիայի հյուսիսային Պադույա քաղաքից տղամարդն աշխատել է օտարերկրյա ավիաընկերությունում միջմայրցամաքային չվերթների բաժնում:
Օդաչուի և նրա կնոջ բարդ հարաբերությունները մինչ այդ սպառնալիքն էին դարձել Պադույայի իրավապահների ուշադրության առարկա, քանի որ կինը դիմել է ոստիկանություն, որովհետև իր ամուսինը, որից ինքը որոշել էր բաժանվել, հետապնդել է իրեն ու ամեն կերպ հակադրվել բաժանությանը:
Հեռախոսով հերթական վեճից հետո օդաչուն, որը պատրաստվել է Տոկիո թռչել, կնոջն ինքնասպան լինելու սպառնալիքով հաղորդագրություն է ուղարկել. «Եթե դու ինձնից հեռանաս, ես կկործանեմ ինքնաթիռը»: Il Fatto Quatidiano-ի տեղեկությամբ՝ այդ ինքնաթիռում եղել է 200 մարդ:







































