«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը հայտարարել է մարտի 7-ին Ֆրանսիայի հյուսիսում փախստականների առաջին ճամբարի բացման մասին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալության տեղեկությամբ՝ նոր ճամբարը կառուցված է Ֆրանսիայի Գրանդ-Սենթ կոմունայում՝ Դյունկերկ քաղաքից ոչ հեռու, միջազգային նորմերին համապատասխան, որոնք սահմանել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը: Այնտեղ կան փայտե տներ, ջրհորներ և սանիտարական կետեր:
«Ներկայումս կառուցված է 200 տնակ: Մենք սպասում ենք, որ մոտ ժամանակներս դրանք կլինեն 275-ը՝ տեղավորելու համար առնվազն 1.500 մարդու»,- ասել է MSF-ի ներկայացուցիչ Անժելիկ Մյուլլեն:
Հաղորդվում է, որ նոր ճամբարի առաջին բնակիչները կլինեն այն փախստականները, ովքեր ներկայումս ապրում են Գրանդ-Սենթի այլ բնակավայրում վատ պայմաններում: Տեղի իշխանությունների վերջին տվյալներով՝ նրանք 1000 հոգուց քիչ ավելի են, այդ թվում՝ 60 կին և 74 երեխա:







































