Եվրահանձնաժողովը մարտի 3-ին հաստատել է Տրանսադրիատիկ գազամուղի նախագիծը՝ դրա վերաբերյալ Հունաստանի և Trans Adriatic Pipeline AG շվեյցարական ընկերության միջև կնքված համաձայնագիրը համարելով եվրոպական օրենսդրությանը համապատասխանող: Նախագիծը իրականացվելու դեպքում, 2020 թվականին ադրբեջանական գազը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ծավալով կհասնի Եվրոպա:
Ակնհայտ է, որ այս նախագիծը հանդիսանում է այլընտրանք ռուսական գազին, որը Մոսկվան տարիներ շարունակ որպես քաղաքական գործիք, մահակ է կիրառել աշխարհաքաղաքական հարաբերություններում: Թե ինչ դինամիկա կունենա այս գործընթացը՝ դժվար է կանխատեսել: Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները մի կողմից ստեղծում են արագության նախադրյալ, մյուս կողմից՝ անվտանգային ռիսկերի ավելացումը կարող է հանդիսանալ ծրագրի արգելակ: Առավել ևս, որ բավական բարդ աշխարհաքաղաքական հանգույցներում են հայտնվել ծրագրի առանցքային մասնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ նոր թափ է ստանում Եվրամիության էներգետիկ անվտանգության այլընտրանքային ուղիների որոնման գործընթացը, որը Եվրամիության էներգետիկ անվտանգության նոր ռազմավարության առանցքային գաղափարն է: Կովկասն այդ իմաստով տարիներ շարունակ դիտվում է առանցքային տարածաշրջաններից մեկը: Սակայն դիտարկումները հիմնականում արվում են արևելքից-արևմուտք վեկտորալ տրամաբանությամբ, մինչդեռ Կովկասում կա նաև հարավից արևելք վեկտորը, որը տարիներ շարունակ մատնվել է անուշադրության:
Խոսքն իրանական գազի ճանապարհի մասին է, որի հարցում էական նշանակություն ունեցող հանգամանք է Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը: Եվրամիության էներգետիկ անվտանգության ռազմավարության նոր թափն ու Իրանի շուրջ զարգացումները հետաքրքիր զուգորդում են կազմում, որտեղ բավական մեծանում է Հայաստանի դերն ու նշանակությունը: Խնդիրը հարկ է դիտարկել երկու հարթություններում՝ տնտեսական և քաղաքական:
Իհարկե, որևէ խողովակաշարի դեպքում, որևէ նախագծի կամ գաղափարի դեպքում դրանք միասնականացված հարթություններ են, սակայն հարցը հարաբերակցությունն է՝ թե որ պարագայում ինչ բաղադրիչն է ավելի ծանրակշիռ: Այդ տեսանկյունից, Հայաստանը որպես իրանական գազի տարանցիկ հավանական տարածք դիտարկելը տնտեսական մասով գուցե թե այնքան էլ մրցունակ չէ, մի շարք պատճառներով, որոնք ճանապարհը կարող են դարձնել բավական թանկ, ծախսատար: Ի վերջո, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում կան տարանցիկ արդեն պատրաստի զգալի ենթակառուցվածքներ, որոնք տնտեսական առումով թեթևացնում են անելիքը, նպաստում ժամանակ և փող խնայելուն: Բայց Հայաստանի տարածքը մրցունակ է քաղաքական և նաև ռազմա-քաղաքական տեսանկյունից:
Բանն այն է, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ Իրանը չունի և թերևս չի ունենա որևէ քաղաքական խնդիր, ռիսկ, հակադրություն, մրցակցություն՝ ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի: Դրան զուգահեռ՝ Հայաստանի տարածքը զուրկ է էթնիկ խայտաբղետությունից և այդ իմաստով ապակայունացման ռիսկերից, ինչը դժվար է ասել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին: Քաղաքական այս շոշափելի առավելությունները բավակա՞ն են արդյոք, որ Հայաստանը դառնա համախառն առումով մրցունակ ուղի: Դժվար է միարժեք ասել: Այստեղ ամեն ինչ կամ շատ բան կախված է նաև նրանից, թե Հայաստանն ինքը ինչպես կկարողանա մատուցել իրեն, տնտեսական ինչ գրավչությամբ և դիվանագիտական-քաղաքական ինչ հմտությամբ:
Եղել են կարևոր հայտարարություններ Իրանից, որ Թեհրանը դիտարկում է Հայաստանը որպես Եվրոպա գազ արտահանելու ուղիներից մեկը: Սա քաղաքական հայտարարություն է, որն ազդանշան է Հայաստանին: Հայաստանն անտեսում է այդ ազդանշանը, ինչպես անտեսել է Իրան-Հայաստան գազամուղը կառուցելիս, երբ Թեհրանը դեռևս միջուկային ծրագրով միջազգային պատժամիջոցների տակ չէր, և հնարավորություն կար կառուցելու տարանցիկ գազամուղ, և նույնիսկ կային որոշակի առաջարկներ կամ հետաքրքրություն Վրաստանից և Ուկրաինայից: Բայց Երևանը մերժեց դրանք, ինչպես հետո պետք է պարզվեր «Վիկիլիքսի» հրապարակումներից՝ էներգետիկայի նախկին նախարարի խոստովանությունների տեսքով, որ Հայաստանը բախվել էր Ռուսաստանի մեծ դժգոհությանը:
Այդ մասով իրավիճակը ինքնին հասկանալի է՝ Հայաստանը տարանցիկ գոտի դիտարկելու գաղափարը Ռուսաստանի համար վտանգ է՝ թե՛ Եվրոպայում գազի առումով մրցակցության տեսանկյունից, թե՛ Կովկասում կայսերական ներկայության և Հայաստանը դրա ֆորպոստ պահելու: Ադ իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլ էլ ավելի է խորացել: Դրա հետևանքով Հայաստանը գործնականում չի անում ոչինչ՝ ուղղված Հայաստանը տարանցիկ նախագծերի համար նպատակահարմար գործընկեր մատուցելուն:
Ավելին՝ վարվում է արտաքին քաղաքականություն, որն ուղղակի վկայում է հակառակի՝ որպես գործընկեր Հայաստանի անհուսալիության մասին: Դրա հետևանքով Հայաստանը դուրս է մնում քաղաքական ակտիվ գործընթացներից, որոնց մաս են այդօրինակ նախագծերի վերաբերյալ գաղափարները: Վերջին հաշվով, գաղափարն ինքը հաճախ կարող է լինել կարևոր քաղաքական գործիք և ռազմավարական միավոր՝ անգամ, ի վերջո, չիրականացվելու դեպքում:
Դա միջոց է տարբեր տնտեսական ու քաղաքական հնարավորություններ շոշափելու, ստեղծելու, կամ եղած՝ կողքից հոսող հնարավորություններից կառչելու: Հայաստանը չի անում թե՛ մեկը, թե՛ մյուսը, չնայած նկատելի է, որ ձևավորվում է աշխարհաքաղաքական նպաստավոր կոնյունկտուրա՝ գործընկերային, սուբյեկտային ինքնամատուցման համար:








































