Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով մարտի 4-ին այցելել է Բաքու, գոհունակություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներից։
Կարասինն այսօր հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցը, ինչը եղել է արդյունավետ. «Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, քաղաքական մակարդակով առաջիկա հանդիպումների գրաֆիկը։ Բնականաբար, մենք քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները, Հարավային Կովկասի հարցերը, տարածաշրջանային երկրների հետ մեր հարաբերությունները։ Հանդիպումը ստացվեց շատ կառուցողական, արդյունավետ ու հետաքրքիր»։
Կարասինի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Կասպիցի հարցում համագործակցության հարցը. «Առանձին ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային, ինչպես նաև այն փաստաթղթերի մշակմանը, որոնք առնչվում են Կասպիցում միջազգային համագործակցությանը»։









































