Անօրինական միգրացիայի խնդիրը ընդհանուր մարտահրավեր է Թուրքիայի ու Եվրամիության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Դավութօղլուն նշել է, որ Տուսկի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են սիրիական թեման և փախստականների ճգնաժամի հարցը, որը ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, ինչպես նաև այդ հակամարտությունների լուծման ուղիները:
Ինչպես նշել է Դավութօղլուն՝ Անկարայի և ԵՄ-ի հարաբերությունները ունեն կեսդարյա պատմություն, իսկ 2004-ից հետո Անկարան արել է ամեն հնարավորը, որպեսզի ԵՄ-ի հետ կապերը զարգանան ռազմավարական գործընկերության հիմքի վրա: Նրա խոսքով՝ վերջերս Անկարայի կապերը ԵՄ-ի հետ նոր խթաններ են ստացել:
«Երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր է խաղացել միջազգային խնդիրների նկատմամբ մոտեցումների զուգահեռությունն ու միասնականությունը»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Դավութօղլուի խոսքով՝ Սիրիայում ճգնաժամի համար ստիպված են պատասխանատվություն ստանձնել Թուրքիան և Եվրոպան. «Թուրքիայի տարածքում գտնվում են 2.7 մլն մեր սիրիացի եղբայրներ: Հարյուր հազարավոր մարդիկ փորձում են ներթափանցել Եվրոպա»:









































