Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան չի դիտարկում Սիրիայի հակամարտությանը միայնակ միջամտելու հեռանկարը:
«Թուրքիան չի պատրաստվում մտնել պատերազմի մեջ։ Նման պլաններ չկան, թող քաղաքացիները հանգիստ լինեն։ Սակայն Թուրքիան պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու անհրաժեշտ պատասխան կտա հարձակման յուրաքանչյուր փորձին։ Հուսով եմ, որ դրա հետ մեկտեղ Թուրքիան հարկադրված չի լինի միայնակ մտնել այդ կոնֆլիկտի մեջ։
Դա սխալ սցենար կլիներ մեր երկրի համար։ Մենք ցանկանում ենք, որ Սիրիայի պատերազմն ավարտվի շուտով։ Մենք կողմ ենք, որ այն դառնա մի պետություն, ուր տեղ նախատեսված չի լինի ո՛չ Բաշար Ասադի, ո՛չ ԴԱԻՇ-ի, ո՛չ Ջաբհաթ ալ-Նուսրայի համար»,- ասել է նա։
Խոսելով Սիրիայի քրդերի հարցում ԱՄՆ հետ տարաձայնությունների մասին՝ Քուրթուլմուշը հայտարարել է. «Թուրքիան որևէ կերպ դեմ չէ Սիրիայի հյուսիսում քրդերի բնակեցմանը, սակայն դեմ է էթնիկ զտումներին ու Սիրիայի տարածքից Թուրքիայի տարածքում գործող ահաբեկիչներին աջակցելուն»։







































