Թուրքական ընդդիմադիր IMC TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
Դրա համար պատճառ է հանդիսացել քրդերին ինքնավարություն հատկացնելու և «հակաահաբեկչական օպերացիայի» գոտում (ուր գործում է արտակարգ դրության ռեժիմ) հանրահավաք անցկացնելու մասին Դեմիրթաշի հայտարարությունը։
Դրա հետ մեկտեղ, Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել նաև քուրդ հանրահայտ այլ քաղաքական գործիչների հանդեպ։ Դեմիրթաշին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Արդարադատության նախարարությունը ըստ ամենայնի կդիմի խորհրդարանին, քանի որ նա օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից։







































