Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր պաշտոնանկության դեպքում կզբաղվի տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
«Եթե Չեչնիայի Հանրապետության ղեկավարության փոփոխություն տեղի ունենա, կզբաղվեմ ընտանիքովս, տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ: Ես 9 երեխա ունեմ: Ողջ ցանկությամբ հանդերձ, չի հաջողվում հաճախ տեսնվել, շփվել: Դա նորմալ չէ: Տղաները պետք է ամեն օր հոր հետ լինեն, գոնե մեկ ժամ»,- նշել է Կադիրովը:
Նա նաև ասել է, որ մտադիր է զբաղվել առաջադրանքներով ի շահ Ռուսաստանի:
«Կանեմ այն, ինչ սովորել եմ ինքս ու ինչ սովորեցրել եմ ուրիշներին՝ ծառայել հայրենիքին: Ցանկացած պահի, եթե Վլադիմիր Պուտինը համարի, որ պետք է գործեմ, նույնիսկ որպես հետևակային զինվոր, ես րոպեական պատրաստականության վիճակում եմ: Իսկ այնպես, եկեք թողնենք հարցերը, որոնք իրավասության մեջ չեն»,- նշել է Կադիրովը:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշում իր ճակատագրի մասին:








































