ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 29-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Աշխատանքային քննարկման ընթացքում Սուրեն Քրմոյանը հորդորել է աշխատանքային խմբի անդամներին ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմինների միջազգային փորձը և դիտարկել դրանց մոդելների կիրառելիության նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում՝ տարբեր երկրներում գործող հակակոռուպցիոն մարմիններն ըստ մոդելների ու գործառույթների ուսումնասիրելու նպատակով՝ ուսումնասիրությունների ամփոփման համար նախանշելով մեկամսյա ժամկետ:









































