2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 8 տարի անց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել Երևանի կենտրոնում 10 անմեղ քաղաքացիների սպանվելու համար։
Մարտի 1-ի գործն ուսումնասիրող «Փաստահավաք» խումբն ուներ 5 անդամ՝ Վահե Ստեփանյանը, Ռոբերտ Ավագյանը, Գևորգ Թովմասյանը, Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն խմբի ոչ բոլոր անդամներն էին շահագրգիռ մարտի մեկի գործի բացահայտման հարցում, ինչի արդյունքում էլ մի քանի աղմկահարույց զեկույց հրապարակելուց հետո խումբը ցրվեց՝ այդպես էլ կիսատ թողնելով ստանձնած առաքելությունը, թեպետ խմբի անդամ Սեդա Սաֆարյանը չի կարծում, որ մթնոլորտն այն աստիճան վատն էր, որ չէր կարող շարունակել գործունեությունը։
Փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը տեսնելով խմբի հետագա գործունեությունը՝ մոտեցումներ ունեին, անգամ առաջարկել են, թե՝ եկեք բոլորիս մտքերը ներառենք պատրաստվող զեկույցներում, բայց ապարդյուն։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ասում է՝ յուրաքանչյուրն ունի մեղքի իր բաժինը:
Չնայած ընդդիմության այն գնահատականներին, որ մարտի մեկը կազմակերպվել և իրագործվել է երկրորդ և երրորդ նախագահների անմիջական հրամանով, Իսագուլյանը հակադարձում է, թե իրականության հետ կապ չունեն նման գնահատականները։
«Փաստահավաք» խմբի հաջորդ առաջարկն էլ լինելու էր հենց բոլոր երեք նախագահներին հարցաքննելը, սակայն խումբն իր գործունեությունն ավարտեց, և ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չհարցաքննվեցին:
Տիգրան Խաչատրյան, Տիգրան Աբգարյան, Գոռ Քլոյան, Արմեն Ֆարմանյան, Համլետ Թադևոսյան, Զաքար Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Գրիգոր Գևորգյան. ահա այն քաղաքացիները, ովքեր 2008 թվականի մարտի մեկին որևէ կուսակցության անդամ չէին, որևէ քաղաքական ուժի չէին սատարում, սակայն Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ոչ թե թշնամու, այլ իրենց հայրենակիցների կողմից։ Նրանցից շատերի հարազատներն այսօր այլևս Հայաստանում չեն և այս իշխանությունների հետ այս գործի բացահայտման հույսեր չեն կապում։
Լուսանկարը՝ Photolure-ի









































