Վրաստանի նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և Կախեթիի նահանգապետ, առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին մայիսի 21-ին կանչվել են հարցաքննության Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազություն՝ «Աշխատանք փնտրողների հաշվառման» ծրագրի գործով: Այս մասին լրագրողներին հայտնել է Չիաբերաշվիլին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նրանք այդ գործով հարցաքննվել էին փետրվարին: Նախկին վարչապետին հարցաքննել են նաև էներգետիկ ընկերություններից նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքի ստացման գործով: Սա կլինի Մերաբիշիվիլիի 4-րդ հարցաքննությունը:
Չիաբերաշվիլին աբսուրդային է անվանել հարցաքննությունը, քանի որ իրենց այդ գործով արդեն հարցաքննել են փետրվարին, և իրենք պատասխանել են բոլոր հարցերին: Նա կարծում է, որ կառավարությունը դրա փոխարեն պետք է հոգ տանի բնակչության մասին և լուծի գործազրկության խնդիրը:
«Աշխատանք փնտրողների հաշվառման» ծրագրի իրականացումը սկսվել է նախկին իշխանությունների օրոք՝ 2012 թվականին: Նախագծի նպատակն էր գործազուրկների տվյալների բազայի ստեղծումն ու նրանց աջակցումը:









































