Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ ընթանում է Արման Կարապետյանի գործի դատական քննությունը:
28-ամյա Արմանին մեղադրանք է առաջադրվել իր տատիկի նկատմամբ ավազակությամբ զուգորդված սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ի սահմաններում Արմանը գնացել է իր տատիկի՝ Սիրանուշի տուն:
«Տատին կյանքից զրկելու դիտավորությամբ Արման Կարապետյանը առաջին հարկի ննջասենյակում հարձակվել է մահճակալին պառկած տատի վրա, ջրով լի ապակե շշով հարվածել է տատիկի գլխին, ինչի հետևանքով վերջինս սկսել է խռխռալ: Տեսնելով, որ տատը չի մահացել, ջրով լի ապակե մեկ այլ տարայով Արման Կարապետյանը մեկ անգամ ևս հարվածել է տատիկի գլխի ձախ գագաթային շրջանին՝ պատճառելով գլխի սալջարդ վերք, գլխի մաշկի տակ՝ արյունահավաք: Տատիկը կորցրել է գիտակցություն ու անշարժացել է: Կարծելով, թե տատիկը մահացել է, Արման Կարապետյանը հափշտակել է տուժողի 14 հազար դրամ արժողությամբ ոսկե ականջօղերը, 50 հազար դրամ գումարը, ինչպես նաև 20 եվրոն ու հեռացել է»:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արման Կարապետյանն իր հանցավոր մտադրությունը՝ տատիկի սպանությունը, ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով՝ տատիկը մահացել է սրտային սուր անբավարարությունից:
Արման Կարապետյանը դատարանում հայտարարեց, թե ինքը մեղադրանքը «ընդունելու կամ չընդունելու չունի», մեղադրանքն անհիմն է, այն, ինչ նկարագրված է մեղադրական եզրակացության մեջ, իրականությանը չի համապատասխանում:
Արման Կարապետյանը հախուռն ու խառնաշփոթ կերպով հավելեց, թե ինքը սպանության պահին եղել է մեքենայի մեջ, ոչ թե դեպքի վայրում: Իր հեռախոսի վերծանումները ցույց են տվել, որ ինքը այդ ժամանակ գտնվել է «Նաբերեժնիում»:
Արման Կարապետյանը կտրականապես հրաժարվեց, որ դատարանում իր իրավունքները շարունակի պաշտպանել հանրային պաշտպանի գրասենյակի այն փաստաբանը, ով նրա շահերը պաշտպանել էր նախաքննության ժամանակ: Բայցևայնպես՝ ամբաստանյալը ցանկացավ, որ նույն գրասենյակի մեկ այլ փաստաբան ներգրավվի դատարանի կողմից ու պաշտպանի իր շահերը դատաքննության ընթացքում:
Տուժողի իրավահաջորդ կինը նույնպես անհստակ հայտարարություն արեց. «Ինձ մի բան ա անհանգստացնում՝ ում հետ ա էղել ինքը դեպքի պահին, ուրիշ մարդիկ են էղել»…
Մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանը քրեական գործին կցի փորձագիտական եզրակացություններ, որոնք, ճիշտ է, նախաքննական մարմնի որոշմամբ են կատարվել, բայց նախաքննական մարմինը չի սպասել այս եզրակացությունների ստացմանը, գործը դատարան է ուղարկել առանց այս եզրակացությունների, մինչդեռ դատախազը նշեց, որ այդ եզրակացություններով հիմնավորվում է հանցագործության դեպքի կատարումը:
Նախագահողը հարցրեց՝ ինչո՞ւ նախաքննական մարմինը չի սպասել իր իսկ նշանակած փորձաքննությունների ավարտին ու դրանց եզրակացությունների ստացմանը և առանց դրանց է գործը դատարան ուղարկել:
Ապա, կողմերի կարծիքները լսելով, դատարանը որոշեց դատախազի միջնորդության վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել՝ մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտման ավարտը:
Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար փաստաբան նշանակվի:
Հաջորդ դատական նիստը այս գործով տեղի կունենա մարտի 22-ին:









































