Yahoo!-ի ճապոնական ստորաբաժանումը հայտարարել է իր 22 միլիոն օգտատերերի տվյալների հնարավոր արտահոսքի մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները՝ իրենք հայտնաբերել են, որ պորտալի կառավարման համակարգի կոտրման փորձ է արվել: Ընկերությունում չեն հստակեցրել, թե ինչպիսի տվյալներ կարող էին գողացվել: Ընկերությունում նշել են, որ օգտատերերի գաղտնաբառերը պահպանվել են: Այնուհանդերձ, ընկերությունը օգտատերերին խորհուրդ է տվել փոխել գաղտնաբառերը:
Ճապոնական Yahoo-ն, որոնումից բացի, տրամադրում է նաև փոստային ծառայություն և համացանցային աճուրդի հնարավորություն: Ճապոնական պորտալը 200 միլիոն օգտատեր ունի:
Yahoo-ն առաջին անգամ չէ, որ հայտարարում է օգտատիրական տվյալների կորստի մասին: 2012-ի հուլիսին ընկերության կենտրոնական գրասենյակում խոստովանել են, որ իրենցից գողացել են մոտ 450 հազար ծածկագրեր և օգտատերերի անուններ:











































