Իսլամական ահաբեկչության վտանգը Հայաստանի համար շատ փոքր է, այնուամենայնիվ՝ որոշ ռիսկեր կան, որ Հայաստանը ևս կարող է դառնալ թիրախ ահաբեկիչների համար:
Այս կարծիքին է ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ RAND կորպորացիայի գիտաշխատող, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, հասարակական գիտությունների դոկտոր Քեթլին Ռիդին:
Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է սիրիական հակամարտության, Սիրիայի հայկական համայնքին սպառնացող վտանգների և Հայաստանի համար Սիրիայի հակամարտության հնարավոր ազդեցությունների մասին:
Նախորդ շաբաթ՝ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախօրեին, գերտերությունները պայմանավորվել են, որ Սիրիայում կառավարական և ընդդիմադիր ուժերը մեկ շաբաթվա ընթացքում պետք է հրադադարի ռեժիմ հաստատեն: Որոշումը, սակայն, չի տարածվում Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների՝ «Իսլամական պետություն» և «Նուսրայի ճակատ» խմբավորումների վրա: Հակաահաբեկչական ուժերը Սիրիայում կշարունակեն պայքարն այս խմբավորումների դեմ:
Որքանո՞վ են այս խմբավորումները սպառնում Հայաստանին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սիրիայում իսլամիստների դեմ ռազմական գործողություններ իրականացնող ռուսական զինուժի հենակետերից մեկը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան է: Պատասխանելով այս հարցին՝ Քեթլին Ռիդին ասաց, որ անմիջական, համակարգված վտանգ չկա Հայաստանի համար, և Ռուսաստանը այդ իմաստով ակնհայտորեն ավելի հավանական թիրախ է, սակայն հարձակման որոշ վտանգ կա նաև Հայաստանի համար:
Չնայած այսօր Հալեպ քաղաքի համար մղվող կատաղի մարտերին՝ Քեթլին Ռիդին կարծում է, որ հալեպահայերին վտանգ չի սպառնում, թեև նրանք ապագայում կարող են առերեսվել մի շարք խնդիրների: Իսկ հայկական համայնքն ընդհանրապես, փորձագետի խոսքով, կարևոր դեր է խաղալու Սիրիայում խաղաղության հաստատման և նոր իշխանական համակարգի վերջնական ձևավորման գործընթացում:
– Քեթլին, այս համաձայնագիրը կարելի՞ է լուրջ նվաճում համարել: Որքանո՞վ է իրական այսօր Սիրիայում պատերազմը դադարեցնելը:
– Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ այս համաձայնագիրը՝ կայացված միջազգային ուժերի կողմից, ավելի շատ գործընթացի մեկնարկի, քան նվաճման մասին է: Հիմնական խնդիրն այն է, որ նախագահ Ասադը բացեիբաց համաձայնություն չի տվել այդ պայմանավորվածությանը, և որ համաձայնությունը պարտադիր կերպով չի ներառում ռուսական զինուժի կողմից Հալեպի մերձակայքի բնակավայրերի ռմբակոծության դադարեցում: Վիճելի է հարցը՝ Ռուսաստանի կողմից ռմբակոծվող այդ թիրախները պատկանում են ջիհադիստների՞ն, թե՞ ընդդիմադիր խմբավորումներին: Թեև ընդդիմադիր ուժերը ողջունել են «Սիրիայի օգնության միջազգային խմբի» սկզբնական հայտարարությունը, բայց ոչ իսլամիստական ուժերի կամ Նուսրայի խմբավորումների վրա օդային կամ ցամաքային հարձակումները կարող են ի վերջո սահմանափակել նրանց մասնակցությունը խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հալեպի մոտակայքում գտնվող հիվանդանոցների ռմբակոծությունները, որոնք ըստ շրջանառվող լուրերի՝ իրականացնում են Ռուսաստանի կամ Սիրիայի ինքնաթիռները, էլ ավելի են նվազեցնում հավանականությունը, որ հրադադարի ռեժիմը կհաստատվի մինչև պայմանավորված ժամկետը, եթե, իհարկե, ընդհանրապես հաստատվի: Հրադադարի հաստատումը միանշանակ կարևոր է վերջնական խաղաղության հասնելու համար և անհնար բան չէ, բայց չեմ կարծում, թե այսօր մենք ավելի մոտ ենք խաղաղությանը Սիրիայում, քան մինչև հայտարարությունը: Կարող են ամիսներ պահանջվել՝ մինչև հասնենք այդ նպատակին:
– Իսկ ընդհանրապես ո՞րն է այսօր գլխավոր հարցը՝ կապված սիրիական հակամարտության հետ, կամ որո՞նք են Սիրիայում ներգրավված միջազգային ուժերի, առաջին հերթին՝ Արևմուտքի և Ռուսաստանի հիմնական անհամաձայնությունները. այն, թե ինչպե՞ս կբաժանվի երկիրը ապագայում, և ի՞նչ պետություններ կստեղծվեն Սիրիայի տարածքում:
– Հակամարտությունն իր էությամբ սիրիական է: Հարցն այն է, թե ինչպիսի կառավարություն կունենա Սիրիան: Ընդդիմադիր ուժերի մեծ մասը, չհաշված Նուսրան և «Իսլամական պետությունը», կողմ են, որպեսզի Սիրիան, որպես պետություն, պահպանվի ներկայիս սահմաններով, բայց ունենա այլ Սահմանադրություն: Շատ փորձագետներ անտեսում են այդ հանգամանքը՝ սիրիական հակամարտությունն անվանելով միջնորդավորված պատերազմ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կամ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև, բայց վերջիվերջո սա Սիրիայի խնդիրն է, և անհրաժեշտ է Սիրիայի ողջ ժողովրդի աջակցությունը խնդրի վերջնական լուծմանը հասնելու համար:
Այնուամենայնիվ, Սիրիայի քաղաքացիական պատերազմում ներգրավված են նաև արտաքին շահեր, և սա էլ ավելի է բարդացնում խնդիրը: Միացյալ Նահանգների շահերը ոչ թե անմիջականորեն ամերիկյան շահերին են վերաբերում, այլ ավելի շատ իր դաշնակցի՝ Սաուդյան Արաբիայի շահերը պաշտպանելուն և Իրանի ազդեցությունը սահմանափակելուն: Միացյալ Նահանգները, մասնավորապես, ձգտում է սահմանափակել «Հըզբոլլահի» հետ ցամաքային կապ հաստատելու Իրանի հնարավորությունը և թույլ չտալ, որ Իրանը օգնի Իսրայելի դեմ իրականացվող շարունակական հարձակումներին:
Մյուս կողմից՝ Ռուսաստանը աջակցում է իր իրական դաշնակցին արաբական Միջին Արևելքում: Ռուսաստանը, կարծես, պատերազմը դիտարկում է ոչ միայն լավ միջոց՝ ցուցադրելու իր օժանդակությունը դաշնակցին, այլև ամրապնդելու Սիրիայի դերը՝ որպես կախյալ հաճախորդ պետություն, և ցույց տալու իր ռազմական կարողությունը սեփական ժողովրդին ու ամբողջ աշխարհին (իր ուժը ցուցադրելը Ռուսաստանի համար կարևոր է՝ մասնավորապես հաշվի առնելով Ռուսաստանի վերջին տեղաշարժերը Եվրոպայում և Բալթիկայում): Ռուսները նաև ուզում են նավահանգիստ ունենալ Միջերկրական ծովում (Տարտուսում):
Այս իմաստով Սիրիան մասնատելը չի բխում որևէ մեկի շահերից: Մասնատված Սիրիան կստեղծի մի քանի փոքր, թույլ պետություններ, որոնք խոցելի կլինեն «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների համար: Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և Իրանը չեն ցանկանում նման զարգացում, քանի որ դա տարածություն կտա ահաբեկիչներին՝ հարձակվելու այդ երկրների վրա: Ռուսաստանը նույնպես չի ուզում դա, քանի որ ահաբեկիչները կարող են թիրախ դարձնել Ռուսաստանը, կամ էլ Ռուսաստանից դժգոհ չեչենները նոր տարածք կստանան, կգնան-կմարզվեն այնտեղ և կրկին կվերադառնան Ռուսաստան: Բոլորը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը (և ՄԱԿ-ը) գիտեն, որ հզոր Սիրիան կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար: Դա են ուզում նաև սիրիացիների մեծ մասը: Միակ տարաձայնությունն այն է, թե ո՞վ է պատասխանատու լինելու այդ պետության համար (Ռուսաստանն ուզում է Ասադին կամ իր հետ կապված որևէ մեկին) և ինչպիսի՞ Սահմանադրություն պիտի ունենա այդ պետությունը:
– Այս համատեքստում ի՞նչ նշանակություն ունեն մարտերը Հալեպի համար: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Գարդիանը», գրում էին, թե Ասադի կառավարական ուժերը կարող են վրեժխնդիր լինել Հալեպի բնակիչներից, քանի որ Հալեպը պատերազմի ամենասկզբից եղել է ընդդիմադիր խմբավորումների հենակետերից մեկը: Սա ճի՞շտ գնահատական է: Հայերին որևէ վտանգ սպառնո՞ւմ է այս իմաստով:
– Հալեպն իսկապես եղել է ընդդիմության հենարանը պատերազմի ամենասկզբից և կարևոր է ընդդիմության համար խորդանշական և մարտավարական տեսանկյունից: Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ կառավարությունը դիմի ավելի դաժան միջոցների, քանի որ նա արդեն իսկ ռմբակոծում և օդային հարվածների է ենթարկում այդ տարածքները, թեև վրեժխնդրության հարցը միշտ էլ եղել է քաղաքացիական պատերազմի խնդիրներից մեկը:
Նախ՝ կառավարական ուժերը, վերցնելով այլ քաղաքներ, օրինակ՝ Զաբադանին, բանակցությունների միջոցով թույլատրել են զինյալներին հեռանալ և բռնաճնշումների չեն ենթարկել խաղաղ բնակիչներին: Երկրորդը՝ եթե Ասադի զորքերը վերագրավեն Հալեպը, միջազգային մեծ ուշադրության կենտրոնում կլինեն, ինչը հավանաբար կսահմանափակի նրանց գործողությունները մոտ ապագայում: Այնպես որ՝ Հալեպի հայերին այս անգամ վտանգ չի սպառնում, թեև նրանք կարող են առերեսվել մի շարք երկարաժամկետ խնդիրների՝ քաղաքացիական իրավունքների և ծառայությունների կորստի, եթե ներկայիս կառավարությունը պահպանի իր իշխանությունը մոտակա տարիներին:
Եթե, այդուհանդերձ, որևէ բաժանում լինի Սիրիայում, ապա ավելի հավանական է, որ լինի դաշնություն՝ ներքին վարչական բաժանումներով, ինչն ավելի կհեշտացնի խաղաղության պահպանումն ու երկրի վերակառուցումը, եթե, իհարկե, հրադադարի ռեժիմը երբևէ հաստատվի: Դամասկոսն ու Հալեպը, մասնավորապես, Սիրիայի հիմնական կենտրոններն են և երկուսն էլ տարբեր բնակչություն ունեն: Հակամարտության բոլոր կողմերը՝ բացառությամբ «Իսլամական պետության» և Նուսրայի, ցանկանում են պահպանել Սիրիան՝ որպես բազմազան և ամբողջական պետություն, ինչը նշանակում է, որ հայերը ևս կունենան իրենց տեղն ու ձայնը այդ երկրում: Եթե այնուամենայնիվ, Սիրիան մասնատվի, ինչը շատ անհավանական է, հայերը հավանաբար կխմբավորվեն մյուս փոքրամասնությունների, օրինակ՝ քրիստոնյաների և դրուզների հետ, որպեսզի հասկանան, թե ո՞ր տարածքներում են ապրելու և ինչպե՞ս են իրենք ներկայացված լինելու Սիրիայում: Բայց ես խիստ կասկածում եմ, որ բանը կհասնի դրան: Սիրիան Հարավսլավիա չէ:
– Հայկական համայնքն ի՞նչ դեր կարող է խաղալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում: Ռուսաստանը կփորձի՞ ներգրավել հայերին և Հայաստանը այս գործընթացում:
– Հայկական համայնքը վերջնական արդյունքում կարևոր դեր է խաղալու խաղաղության հաստատման և նոր իշխանական համակարգի վերջնական ձևավորման գործընթացում:
Առաջիկա իմ հրապարակման մեջ ես նշել եմ, որ Սիրիայի ԲՈԼՈՐ զանազան համայնքների մասնակցությունը Սիրիայում նոր համակարգի ձևավորմանը վերաբերող երկխոսությանը կենսական նշանակություն ունի: Բավարար չի, որ զանազան համայնքներին ներկայացնում է մեկ խումբ. յուրաքանչյուր հիմնական համայնք պետք է իր աթոռն ունենա բանակցությունների սեղանի շուրջ:
Հաշվի առնելով Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ՝ կարելի է ենթադրել, որ ռուսները կփորձեն հայկական պետության միջոցով լոբբինգ անել հայկական համայնքի համար, որպեսզի հայերն իրենց տեղն ունենան բանակցային սեղանի շուրջ: Սրա նպատակը հավանաբար այն է, որ հայերն աջակցեն Ռուսաստանի ցանկացած բանակցային դիրքորոշման:
Բայց ես չեմ կասկածում, որ Հայաստանը շատ ավելի կարևոր խնդիր ունի, քան Ռուսաստանի կամ որևէ այլ պետության շահերին հետևելը, այն է՝ օգնել Սիրիայի հայկական համայնքին:
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են այս իրադարձությունները ազդում մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի վրա, այն իմաստով, որ ներգրավված ուժերից մեկը Հայաստանի դաշնակից Ռուսաստանն է, և որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական զորքերի հիմնական հենակետերից մեկը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան է:
– Վտանգներ կան Սիրիայի պատերազմին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված ցանկացած պետության համար: Առաջնային վտանգն այն է, որ ահաբեկչական կազմակերպությունների զինյալները, ինչպես, օրինակ, Նուսրան կամ «Իսլամական պետությունը», կարող են թիրախավորել այս երկրները՝ փորձելով վրեժխնդիր լինել իրենց վրա հարձակումներ կատարող ուժերին աջակցելու համար:
Սա կարող է լինել անմիջականորեն կազմակերպված ահաբեկչական հարձակումների ձևով, ինչպես եղավ, օրինակ, Փարիզում, կամ այդ կազմակերպությունները կարող են ոգեշնչել տեղի ծայրահեղականներին: Այդպես եղավ ԱՄՆ-ի Սան Բեռնարդինո քաղաքում: Այս իմաստով ես չեմ լսել Հայաստանի դեմ որևէ անմիջական, համակարգված վտանգի մասին: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ավելի հավանական թիրախ է հարձակման համար, իսկ այդ հարձակումները հիմնականում կազմակերպում է «Իսլամական պետությունը», թեև Ռուսաստանն այսօր ավելի շատ կենտրոնացած է այլ ջիհադիստական և ընդդիմադիր խմբավորումների դեմ կռվելու, քան ԻՊ-ի:
Այնուամենայնիվ, հարձակման որոշ վտանգ կա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը շատ ավելի փոքր երկիր է, քանի որ հարձակումը Հայաստանի վրա շատ արագ կձևավորի հասարակական կարծիք՝ ճնշում գործադրելով իշխանության վրա՝ թույլ չտալու այլևս օգտագործել Հայաստանի ռազմաբազաները Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու համար, որովհետև դա ավելի հեշտ թիրախ է դարձնում Հայաստանը, եթե հիշենք, որ Հայաստանը աշխարհագրականորեն ավելի մոտ է Սիրիային, քան Ռուսաստանը: Բացի այդ, միշտ էլ կա «միայնակ գայլ»-ի տիպի հարձակման հավանականություն, երբ Հայաստանի բնակչության դժգոհ հատվածներն իրենց համակրանքն ու աջակցությունն են ցույց տալիս Սիրիայի ընդդիմությանը: Թեև քիչ հավանական է, բայց այս վտանգները միանգամայն իրական են (ինչպես ցույց տվեցին Եվրոպայի, Միացյալ Նահանգների և անգամ Կանադայի հարձակումները), և Հայաստանի բնակչությունն ու կառավարությունը պիտի շատ մեծ ուշադրություն դարձնեն հակաահաբեկչական պայքարին:









































