Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 2015 թ. Կոնգո գետի վրա կսկսվի 40 հազար մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցումը:
Այս մասին ասվում է այսօր երկրի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
«Առաջին քարը ՀԷԿ-ի հիմքում (Ինգա ջրվեժի վրա) կդրվի 2015 թ. հոկտեմբերին: «Մեծ Ինգան» շինարարության ավարտին կարտադրի էլեկտրաէներգիա Աֆրիկայի կեսի համար»,- ասվում է Փարիզում Կենտրոնական Աֆրիկայի երկրի կառավարության ու ներդրողների հետ բանակցություններից հետո հրապարակված փաստաթղթում:
Ծրագրի հաջող գործարկման հետևանքով հնարավոր է էլեկտրաէներգիա մատակարարել Աֆրիկայի 500 մլն տնային տնտեսությունների: Նախագծի առաջին փուլը՝ «Ինգա-3», կունենա 4800 մեգավատտ հզորություն։
Նախագծին մասնակցելու համար պայքարում են չինական Sinohydro and Three Gorges կորպորացիան, իսպանական Actividades de Construccion y Servicios ու հարավկորեական Daewoo and Posco-ն՝ կանադական SNC Lavalin ընկերության համագործակցությամբ, հաղորդում է ITAR-TASS-ը:








































