«Օսկար» մրցանակները հանձնվում են արդեն 87 տարի, որի ընթացքում մրցանակակիրները ստացել են 3093 բաղձալի արձանիկներ: Ինչպես հաղորդել է Ամերիկյան կինոակադեմիան, դրանց մոտ կեսի ճակատագիրը անհայտ է՝ գրում է Hollywood Reporter պարբերականը:
Ակադեմիայի տվյալներով՝ շատ արձանիկներ հայտնվում են շուկայում և մասնավոր հավաքածուներում, որոշ մասը գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, իսկ որոշ մասն էլ մնում են դափնեկիրների ընտանիքներում:
Դրանցից մեկը 1991 թվականին 1.5 միլիոն դոլարով ձեռք է բերել Մայքլ Ջեքսոնը, սակայն նրա մահից հետո արձանիկի ճակատագիրը մնացել է անհայտ:
Սկսած 1951 թվականից, երբ հայտնի է դարձել, որ դափնեկրի մահանալուց հետո արձանիկներից մեկը աճուրդի է դրվել, Ակադեմիան ջանում է հետևել բոլոր «Օսկարների» տեղափոխմանը: Յուրաքանչյուր արձանիկին տրվում է սերիական համար, իսկ ստացողները ստորագրում են «հաղթողի համաձայնագիր», որի համաձայն՝ պարգևը պետք է կտակվի ժառանգներին կամ ոչ առևտրային կազմակերպության: Սակայն արձանիկները ներկայումս էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում են շուկայում: Ցանկացած դեպքում արձանիկը չպետք է վաճառվի՝ մինչև Ակադեմիային առաջարկվի այն գնել $1 խորհրդանշական գնով:
«Օսկարի» արձանիկի դիզայնը մշակել է ճարտարապետ Սեդրիկ Գիբոնսը 1928 թվականին, իսկ քանդակագործ Ջորջ Սթենլին պատրաստել է առաջին մետաղե արձանիկը՝ պատված 24 կարատանոց ոսկով:









































