Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ստացել է տեղական արտադրության KORAL էլեկտրոնային պատերազմի շարժական համակարգ։
Այն մշակել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի հանրահայտ ներկայացուցիչներից ASELSAN ընկերությունը։ Այդ արարողակարգին ներկա է գտնվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը։
ASELSAN-ի գլխավոր տնօրեն Ֆաիք Էքենն իր ելույթում նշել է, որ KORAL-ը ռազմաօդային ուժերին հանձնվելուց առաջ անցել է ավելի քան հազար թեստ, և որ այն կմեծացնի զինված ուժերի էլեկտրոնային պաշտպանության հնարավորությունը։
Թերթն ընդգծում է, որ Թուրքիայի զինված ուժերը KORAL-ի օգնությամբ «կկուրացնի» հակառակորդի ռադարները։ Թերթի պնդմամբ՝ աշխարհում միայն հաշված երկրներ ունեն նման համակարգ։










































