Տևական ժամանակ է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Կարինը Հայաստանում չէ: Նա իր ընկերոջ` Լևոն Բաղրամյանի հետ մեկնել է ԱՄՆ: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիկանություն տարվելու նկարահանումը կատարել է նրա հետ ոստիկանություն բերման ենթարկված Լևոնը, որը ժամանակավորապես թողել էր Պետդեպում իր աշխատանքը և հետընտրական ողջ ընթացքում Կարինի կողքին էր: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և հիշեցնում, որ Կարինը միակ մարդն էր, որին լսում և որի հետ իր անելիքների, առավել ստույգ` «չանելիքների» մասին կիսվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրել են Հովհաննիսյաններին մոտ կանգնած թերթի աղբյուրները, Կարինն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել ոչ միայն նախագահական ընտրություններում հոր կողքին լինելու, այլև հայաստանյան «հեղափոխության», այդ օրերի անցքերի մասին գիրք գրելու համար: Երբ կլինի գիրքը՝ չգիտեն, սակայն Կարինը մի քանի օրից՝ մայիսի 20-ին, կրկին կվերադառնա Հայաստան:









































