ԱՄՆ-ը և Ռուսաստանը մնում են աշխարհում սովորական սպառազինության հիմնական տեսակների խոշորագույն արտահանողներ՝ հայտարարել է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային SIPRI ինստիտուտը՝ կապված 2011-15թթ. սովորական սպառազինությունների հիմնական տեսակների մասին զեկույցի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Համաձայն վարկանիշի՝ սպառազինության խոշորագույն մատակարարների հնգյակը, ինչպես նախկինում, շարունակում է գլխավորել ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում զենքի համաշխարհային արտահանման 33%-ը։ ԱՄՆ-ի գլխավոր հաճախորդներն են Սաուդյան Արաբիան (9,7%), ԱՄԷ-ն (9,1%) և Թուրքիան (6,6%)։
SIPRI-ի տվյալներով՝ ամերիկյան սպառազինություն ստացող խոշորագույն տարածաշրջանը դարձել է Մերձավոր Արևելքը, որին բաժին է ընկել ԱՄՆ-ից կատարված արտահանման 41%-ը։
Ընդհանուր ամամբ ԱՄՆ-ից սովորական սպառազինությունների հիմնական տեսակների մատակարարումները վերջին 5 տարում ավելացել են 27%-ով՝ 2006-2010թթ. համեմատ։
Վարկանիշի երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում սպառազինությունների միջազգային արտահանման 25%-ը։ Նախորդ դիտարկված ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից արտահանումն ավելացել է 28%-ով։ Միաժամանակ զեկույցի հեղինակները նկատել են 2014 և 2015 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանման դանդաղման միտում։ Վերջին 5 տարում ռուսական զենքի հիմնական ստացողներն են դարձել Հնդկաստանը (39%), Չինաստանը (11%) և Վիետնամը (11%)։
Ընդհանուր առմամբ 2011-15թթ. ռուսական սպառազինության արտահանման մոտ 68%-ը բաժին է ընկել Ասիային և Օվկիանային։ Եվրոպական շուկային բաժին է ընկել ռուսական արտահանման 6,4%-ը, այնուհանդերձ՝ զեկույցում նշվում է դեպի Եվրոպա մատակարարումների 264%-ի աճ։
Երրորդ տեղում Չինաստանն է, որը գլոբալ արտահանման մեջ զբաղեցնում է 5,9% մասնաբաժին, չորրորդ տեղում Ֆրանսիան է (5,6%), հնգյակը եզրափակում է Գերմանիան (4,7%)։ Ընդհանուր առմամբ այդ 5 երկրները դիտարկվող ժամանակահատվածում ապահովել են զենքի արտահանման գլոբալ ծավալի 74%-ը։ Միջազգային մատակարարումները 2011-15թթ. աճել են 14 %-ով։
Ինստիտուտի տվյալներով՝ վերջին 5 տարիներին սպառազինության խոշորագույն ներկրողների առաջին տասնյակում են հայտնվել Ասիայի և Օվկիանիայի 6 պետություններ՝ Հնդկաստանը, Չինաստանը, Ավստրալիան, Պակիստանը, Վիետնամը և Հարավային Կորեան։










































