Համացանցում են հայտնվել աշխարհի ամենամեծ զբոսանավի լուսանկարները, որի կառուցումը ավարտին է հասցվում Ֆրանսիայի Սեն Նազեր քաղաքի STX նավաշինարանում: Gulf News պարբերականի հաղորդմամբ՝ այն կրում է Harmony of the Seas անվանումը:
Royal Caribbean International ընկերության կողմից իրականացվող նավաշինական աշխատանքները պետք է ավարտվեն երեք ամսից: Նավը կարող է տեղավորել մոտավորապես 8,8 հազար մարդու՝ ներառյալ ուղևորներին և անձնակազմին: Այն 33 սմ-ով երկար է Oasis of the Seas և Allure of the Seas-ից և ավելի լայն է: Բացի դրանից՝ այն այլ խոշոր նավերի համեմատ 20 տոկոսով ավելի արդյունավետ կլինի՝ շնորհիվ շարժիչի բարելավման:
Harmony of the Seas-ը բրիտանական Սաութհեմփթոն կժամանի մայիսի 20-ին, իսկ մայիսի 29-ին կկատարի առաջին նավարկությունը՝ դեպի Բարսելոն: Ամռանից հետո Միջերկրական ծովով նավը կուղևորվի ԱՄՆ և Կարիբյան կղզիներ:


















































