Ինչպես հայտնի է, 2015թ. հունվարի մեկից սկսվել է անալոգայինից թվային հեռուստատեսության անցնելու դժվար գործընթացը: Նոր համակարգից օգտվելու համար անհրաժեշտ են հատուկ ապակոդավորող սարքեր, իսկ դրանք պետությունը տրամադրում է աղքատ բնակիչներից ամենաաղքատներին: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 130.000 անապահով ընտանիքից միայն 48.733-ը կարող են պետության կողմից անվճար ապակոդավորող սարքավորում ստանալ:
Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը շեշտում է՝ անալոգայինից թվայինի անցումը պետության նախաձեռնությունն է: Դրա հետևանքներն ու պատասխանատվությունը պետք է կրի պետությունը:
Խոսքի ազատության կոմիտեի նախագահի խոսքով՝ կառավարությունը գործի է անցել ու որքան էլ շատերին տրամադրում է անվճար սարք, անապահովների մի ստվար զանգված մնալու է առանց հեռուստատեսության: Սարքերի թիվը սահմանափակ է:
Փորձագետը վստահեցնում է՝ խնդիրն արդիական է, օր առաջ է պետք լուծել՝ անապահով խավին փաստի առաջ չկանգնեցնելու համար:







































