Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այսօր Թուրքիան գտնվում է «պակիստանացման» (Պակիստանի վերածվելու) փուլում։
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այսօր բոլորը հայտարարում են, որ Սիրիան վերածվել է Աֆղանստանի, քանի որ այնտեղ գործում են ամեն տիպի ջիհադական, արմատական, վահաբական խմբեր. «Բոլորը ներկայացված են այնտեղ։ Իսկ ինչպե՞ս են նրանք ներթափանցում այնտեղ։ Նրանք դա անում են Թուրքիայի տարածքով։ Այսօր Թուրքիան գտնվում է պակիստանացման փուլում։ Աֆղանստանի դեպքերը մեծապես ազդեցին հարևան Պակիստանի վրա։ Ահաբեկչական բոլոր կազմակերպությունները սկսեցին բույն դնել Պակիստանում։ Մենք շարունակ հայտարարել ենք, որ եթե չեք ցանկանում Թուրքիան վերածել Պակիստանի, ապա Սիրիան մի՛ վերածեք Աֆղանստանի»։
Խոսելով վերջին շրջանում Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների մասին՝ Քըլըըչդարօղլուն հայտարարել է, որ վերջին 6 ամսում Թուրքիայում իրականացվել է 6 ահաբեկչական հարձակում, որոնցից 2-ը գրանցվել են Անկարայում։
Քըլըչդարօղլուի խոսքերով՝ այդ 6 հարձակումների հետևանքով զոհվել է 234 մարդ, սակայն ցայժմ որևէ մեկը չի կրել դրա համար քաղաքական պատասխանատվություն. «Երբ մենք նայում ենք Սահմանադրությանը, տեսնում ենք, որ այդ հարցում պատասխանատուն վարչապետն ու կառավարությունն են»։









































