Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Ուկրաինայում և Սիրիայում իր գործողություններով Ռուսաստանը կարող է սադրել նոր սառը պատերազմ, այդ պատճառով անհրաժեշտ է Արևելյան Եվրոպայում ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը:
Լեհաստանի նախագահը, ելնելով Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ելույթից, նշել է, որ «նայելով Ռուսաստանի գործողություններին, կարելի է հասկանալ, ով է ձգտում սառը պատերազմի»:
Լեհաստանի իշխանությունները ընթացիկ տարվա հուլիսին մտադիր են Վարշավայում գագաթնաժողով անցկացնել` ուղղված կենտրոնական և արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման պրոցեսի արագացմանը` Լեհաստանի տարածքում անձնակազմի և սարքավորումների տեղադրման ճանապարհով:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի հետ դիմակայության կուրսը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ուժեղացման հաշվին, դարձել է Լեհաստանի նոր իշխանությունների բարձրագույն գաղափարը:









































