Մի քանի ամսից ամերիկյան Պետդեպարտամենտը հերթական անգամ կհայտարարի վիճակահանությամբ ընտրված այն 55 հազար հաջողակների անունները, որոնք հնարավորություն կստանան մեկնել Միացյալ Նահանգներ, աշխատել ու մի օր էլ դառնալ այդ երկրի լիիրավ քաղաքացիներ: 1995 թվականից սկսված այս ծրագրին, որ առավել հայտնի է գրին քարտ անվամբ, ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մասնակցում՝ ողջ աշխարհից: Այս տարվա հաջողակները, սակայն, կարող են դառնալ վերջինները:
Ինչպես Վաշինգտոնից փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Սոլաշը, ամերիկյան Կոնգրեսում հանրապետական և դեմոկրատ օրենսդիրներն այժմ փորձում են ընդհանուր հայտարարի գալ միգրացիոն համակարգը հիմնովին փոխելու շուրջ, և չի բացառվում, որ այդ համաձայնության գալու դիմաց որոշվի դադարեցնել գրին քարտը: Նշենք, որ ծրագիրը հեղինակել է դեմոկրատ Չարլզ Շումերը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել է, որ շատ է հոգում դրա մասին, այդուամենայնիվ համաձայն է, որ անհրաժեշտ է վերանայել դրա հետագա շարունակումը՝ քաղաքական ու բովանդակային նկատառումներով: Շումերի խոսքով, դրան համաձայնել են նաև իր դեմոկրատ կուսակիցները:
«Մեր ընդդիմախոսները՝ հանրապետականները լրջորեն դեմ են այս ծրագրին թե՛ միգրացիոն համակարգի փոփոխությունները մշակող օրենսդրական խմբում, թե՛ Ներկայացուցիչների պալատում: Բովանդակային առումով էլ պետք է նշել, որ այն նպատակ ուներ Միացյալ Նահանգներ բերել մարդկանց Եվրոպայից ու Աֆրիկայից, ինչը հաջողվում էր որոշ ժամանակ: Սակայն այժմ դրությունը փոխվել է, գրին քարտի համար հայտերի մեծ մասը ստացվում է Կենտրոնական Ասիայից: Հաշվի առնելով դա, ինչպես նաև մեր գործընկերների՝ հանրապետականների դիմադրությունը, մենք որոշեցինք, որ այլևս չենք կարող շարունակել այդ ծրագիրը», – ասել է Շումերը:
Նշենք, որ հանրապետականները երկար ժամանակ է ինչ փորձում են դադարեցնել օտարերկրացիների համար Միացյալ Նահանգների դռները բացող այս խաղարկությունը: Վերջին փորձն արվեց անցած դեկտեմբերին, երբ Սենատում հանրապետական օրենսդիրները շրջանառության մեջ դրեցին համապատասխան օրինագիծը, բայց հաջողության չհասան՝ օրենսդիր այս պալատում դեմոկրատների ունեցած մեծամասնության շնորհիվ: Այժմ, սակայն, դեմոկրատները կարող են վերանայել իրենց դիրքորոշումը` պարզաբանում է միգրացիոն հարցերով փորձագետ, Վաշինգտոնի Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուչիչ էդվարդ Ալդենը:
«Այժմ սեղանին է դրված միգրացիոն համակարգի բարեփոխման հսկայածավալ, համապարփակ օրենքը, որտեղ կան մի շարք կարևոր փոփոխություններ դեմոկրատների համար, այդ թվում՝ մինչ օրս Նահանգներում որևէ կարգավիճակ չունեցող մոտ 11 միլիոն մարդկանց օրինականացումը: Հանուն այդ փոփոխությունների՝ դեմոկրատները համաձայնել են զոհ տալ գրին քարտի ծրագիրը», – պարզաբանում է Վաշինգտոնի Արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետը:
Ներկայումս շրջանառվող օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես, առաջարկում են վերանայել ներգաղթյալների համար նախատեսված ծրագիրը՝ հիմնական շեշտը դնելով ոչ թե վիճակահանության, այլ նրանց կրթության և հմտությունների վրա: Ակնկալվում է, որ Կոնգրեսը բարեփոխումների այս փաթեթը քվեարկության կդնի առաջիկա հունիսին, ընդ որում, ըստ փորձագետների, հնարավորությունը, որ դրան համաձայնություն կտան ե՛ւ հանրապետականները, ե՛ւ դեմոկրատները, մեծ է ավելի, քան երբևէ վերջին տասնամյակներին:










































