ABC News-ի փոխանցմամբ՝ փետրվարի 14-ին գործարկվել է Smell Dating ծանոթությունների նոր կայքը, որն օգտատերերին առաջարկում է գործընկեր գտնել հոտով։ Կայքում բաժանորդագրվելուց հետո, որն արժե 25 դոլար, յուրաքանչյուր օգտատեր փոստով ստանում է սպիտակ մարզաշապիկ։
Դրանից հետո նա պետք է երեք օր ու երեք գիշեր կրի այն՝ չօգտագործելով օծանելիք և նման բաներ։ Դրանից հետո օգտատերն այդ շապիկը պետք է վերադարձնի։ Կայքի աշխատակիցները ստացված մարզաշապիկը մասնատելու են կտորների և դրանք մյուսների մարզաշապիկների կտորների հետ ուղարկելու են հաճախորդներին՝ որպես ամբողջական կոմպլեկտ։
Ընդ որում՝ այդ կտորների վրա չի նշվելու այն կրած մարդու ո՛չ սեռը, ո՛չ տարիքը, ո՛չ սեռական կողմնորոշումը։ Դրանից հետո յուրաքանչյուր օգտատեր կընտրի իրեն դուր եկած հոտավետ կտորը և այն հետ կուղարկի ծանոթությունների սերվիսին։ Եթե հաճախորդների թվում լինեն համընկնումներ, ապա ծանոթությունների ծառայությունը նրանց կիրազեկի այդ մասին։








































